Ճանաչենք. նա Օգիտա Ղուկասյանն է
Օգիտա Ղուկասյանը «Բարձունք» կրթական շարժման կամավոր է, ներգրավված է ֆինանսների կառավարման գործընթացում։ 1996-2001թթ սովորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի Կենսաքիմիա բաժնում, 2019թ.-ից սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Աշխատում է Ջրվեժի համայնքապետարանում` որպես սոցաշխատող։ «Բարձունք»-ին միացել է 2022թ.-ից։
– Ի՞նչն է Ձեզ բերել «Բարձունք»։ Ինչո՞ւ կամավորագրվեցիք հենց «Բարձունք»-ում։
– 2020 թ.-ի պատերազմն էր այն կետը, որից սկսեցի մտածել գործելու, մեր երկրին ինչ-որ կերպ օգտակար լինելու մասին։ Սկսեցի հետևել ու տեղեկանալ «Բարձունք»-ում իրականացվող աշխատանքներին։ Կարծում եմ, հենց այն պահին, երբ շատերս չգիտեինք, թե ո՞ր ուղղությամբ պետք է շարժվենք, «Բարձունք»-ը ինձ համար փրկության նավակ դարձավ՝ ապրելու ուժ հաղորդելով։ Սկզբում ակտիվ չէի, դեռ չէի գիտակցում, որ կարող եմ այդ ամենի մասը դառնալ։ Առաջին միջոցառումը, որին մասնակցեցի, երեխաների ձեռքերով պատրաստված տոնածառերի աճուրդն էր։ Այնուհետև սկսեցի հետաքրքրվել և ներգրավվել նաև մյուս նախագծերում։ Ինձ շատ է ոգևորել հատկապես «Բարձունք»-ի որդեգրած այն սկզբունքը և տեսլականը, որ հենց այն սերունդը, որին մենք կրթում ենք հիմա, լուրջ ու մեծ փոփոխություն պիտի մտցնի մեր կյանքում, մեր ապագայում։
– Օգիտա, «Բարձունք»-ի ո՞ր աշխատանքներում եք ներգրավված այսօր։
– Այժմ ես «Դեպի Բարձունք»-ի ֆինանսական ապահովման աշխատանքներին եմ հետևում։ Հիմնականում մուտքերի բաժնին։ Փոքրիկ մի տեսլական ունեմ այս աշխատանքների հետ կապված, որը դեռ մշակման փուլում է։ «Բարձունքի ձեռքեր» համայնքը պետք է ավելի ակտիվ լինի, և այս առումով որոշակի մտքեր եմ գեներացնում։ Ինձ պատկերացնում եմ այն ամուր թիկունքի դերում, որի շնորհիվ այդ ծրագիրն ավելի երկարաժամկետ կդառնա, և ավելի կայուն կլինեն հոսքերը։
– Մասնագիտությամբ սոցաշխատող եք. ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր հանրության հետ են աշխատում։
– Սոցաշխատանքն իմ երկրորդ մասնագիտությունն է, առաջին մասնագիտությամբ կենսաբանության ուսուցչուհի եմ, բայց ես միշտ սիրել եմ հասարակության հետ տարվող աշխատանքներ կատարել, ու իմանալով, որ կա մասնագիտություն, որն օգնում է մարդկանց, ավելի հասուն տարիքում մասնագիտացա նաև այս ուղղությամբ։ Մինչև այժմ էլ թյուր կարծիքներ կան սոցաշխատողի մասնագիտության վերաբերյալ։ Նրանց ընկալում են որպես «բլիթ բաժանողներ»։ Թվում է, թե մասնագետները շատացել են, սակայն մենք լավ մասնագետների խնդիր ունենք։ Պետական և ոչ պետական սեկտորների կառույցները համաձայնեցված չեն գործում։ Թվում է, թե ոլորտը հին է, սակայն այն արագ է զարգանում, և մշտապես կրթվելը, նորությունների մասին տեղեկանալը պարզապես անհրաժեշտություն է։
Սոցաշխատողի համար մարդը պետք է գերագույն արժեք լինի, և մենք պետք է գործենք միայն հասարակության բարօրության համար։ Հարկավոր է օգնել մարդկանց՝ սեփական ուժերով և գիտակցված ջանքերով ինքնուրույն դուրս գալու խնդրահարույց իրավիճակներից։
– Երեք երեխա ունեք․ դժվար չէ՞ ընտանիքն, աշխատանքը եւ կամավորական գործունեությունը համատեղելը։
– Այո, ես երեք բալիկների մայր եմ ու կարծում եմ, որ երբ կինը իրեն դրսևորում է ընտանիքից դուրս, նա ավելի լավ տնային տնտեսուհի է լինում։ Տուն ես վերադառնում նոր, թարմ փորձով ու էներգիայով, նոր ուժերով ու գաղափարներով հարստացած, և հեշտությամբ անցնում ես տնային գործերիդ, երեխաներիդ սեր փոխանցելուն։ Իհարկե, եթե անկեղծ լինեմ, կյանքիս այս կամ այն ոլորտին հատկավցող ժամանակի սահմանները հարկավոր է վերանայել, քանի որ, օրինակ, մասնագիտության պահանջներից ելնելով, աշխատում եմ 24 ժամ, 7 օր ռեժիմով։
– Ունե՞ք կյանքի կարգախոս։
– Ուժեղ լինել ու սիրել։ Ամուսինս կամավոր մեկնեց ռազմաճակատ, զոհվեց 44-օրյա պատերազում… Ես պարզապես իրավունք չունեի ուժեղ չլինելու։ Դժվար այդ շրջանում մեր «Բարձունք»-ի հիմնադիր ու գաղափարական գեներատոր Գեղամ Օհանյանի «Բունկեր» գիրքը, որը նա գրել է որպես կամավոր պատերազմում մասնակցություն ունենալուց հետո, ինձ համար դարձավ այն մեկնարկային կետը, հույսի այն աղբյուրը, որից կարողացա ուժ ստանալ ու առաջ շարժվել։
Ուժեղ պետք է լինես, ազնիվ լինես ինքդ քեզ, ընտանիքիդ հետ, հանդուրժող չպիտի լինես անարդարության ու անկարգության նկատմամբ․ այս են այն սկզբունքները, որ հիմա կարևոր են ինձ համար։ «Բարձունք»-ից շատ բան եմ սովորում, և այդ ամենը հետո փորձում եմ փոխանցել ինձ շրջապատող մարդկանց։ Հիմա ես գիտեմ, որ Հայրենիք ունենալու և այլևս կորուստներ չունենալու համար մենք պետք է սովորենք պատասխանատվություն ստանձնել և հայրենատեր լինել։
– Ինչպիսի՞ մարտահրավերների եք բախվում Ձեր աշխատանքի ընթացքում։
– Հատկապես պատերազմից հետո մարտահրավերներից ամենատարածվածը զոհվածների ընտանիքների վերաինտեգրումը, վերասոցիալականացումն է։ Մարդկանց նորից կյանքին վերադարձնելու, նրանց մեջ հավատ արթնացնելու, մասնագիտություն ստանալու հնարավորություն տալու խնդիր կա։ Ամենամեծ մարտահրավերը մեր հասարակության մեջ դեռևս համարում եմ միջանձնային փոխհարաբերությունների ոլորտում առկա ծանր խնդիրները։ Ինչ-ինչ հանգամանքների թելադրանքով ստեղծված ատելության մթնոլորտը պետք է հաղթահարվի նախ և առաջ սիրո միջոցով։ Սոցաշխատողներիս լծակներն ու ծառայություններն այս համատեքստում շատ կարևոր են։
– Ձեր կարծիքով, Օգի՛տա, կամավորություն անելիս մենք ավելի շատ ստանո՞ւմ ենք, թե՞ տալիս։
– Ե’ւ տալիս ենք, եւ՛ ստանում։ Ավելի շատ, իհարկե, ստանում ենք։ Մեր ջանքերի, մեր գործի արդյունքը տեսնելով, է՛լ ավելի ենք ոգեշնչվում, ու կամավորությունը, այսպիսով, շարժիչ ուժ է դառնում կյանքի համար։
– Ո՞րն է ամենամեծ փոփոխությունը, որը կցանկանայիք տեսնել Հայաստանում։
– Կցանկանայի, որ մարդիկ կիրթ լինեին, կուզենայի, որ ինքնաբավ Հայրենիք ունենայինք՝ զինված, ինքնավար, ռազմականացված, անկախ։ Կցանկանայի, որ տեր լինեինք մեր ունեցածին, և մեր երկիրը խելացի ու հայրենատեր մարդկանցով լեցուն լիներ։
– Հայաստանին այսօր պետք է… շարունակե՛ք, խնդրեմ, միտքը։
– Շատ սեր։ Մարդիկ, որոնք կհենվեն մյուսների ուժեղ կողմերի վրա՝ առանց նախատելու և նրանց թույլ կողմերի վրա կենտրոնանալու։ Սիրով շաղախված ու հայրենասեր հանրություն։
Հեղինակ՝ Էլեն Առաքելյան