Ճանաչենք․ նա Մհեր Սանոսյանն է

18/04/2024 Ընթերցման ժամանակը - 8 րոպե

 

Մհեր Սանոսյանը «Բարձունք»-ի անդամ է 2021թ․-ից։ Նա «Բարձունք»-ի ակտիվ երիտասարդ կամավորներից է։ Ներկայումս զբաղվում է «Արահետ» նախագծի համակարգման աշխատանքներով։

 

Սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում։ Նաև երիտասարդ ստեղծագործող է։ 

 

Մհերի հետ զրուցեցինք «Արահետ» ծրագրի մարտահրավերների, նպատակների ու գաղափարի  մասին։ Ավելին իմացեք՝ կարդալով հարցազրույցը:

 

– Մհե՛ր, Դուք «Բարձունք»-ի հետ եք 2021թ․-ից, ինչպե՞ս եք իմացել «Բարձունք»-ի մասին և ինչու՞ եք որոշել միանալ այս թիմին։

«Բարձունք»-ի մասին իմացել եմ Գեղամ Օհանյանից։ Սկզբում մասնակցեցի Գեղամի կազմակերպած «Աժդահակ» ամառային դպրոցին, ապա ծանոթացա «Բարձունք»-ի հետ, գտա գաղափարակից մարդկանց, հարազատ միջավայր և 2021թ․-ին արդեն անդամագրվեցի ու միացա «Բարձունք»-ի տարբեր նախագծերին։

 

– Ի՞նչ է Ձեզ տվել «Բարձունք»-ը։

– Այն ինձ շատ մեծ փորձ է տվել, շատ հմտություններ, բայց ամենակարևորը՝ գաղափարներ։

 

 

– Մհե՛ր, ինչպես նշեցիք, այս երեք տարվա ընթացքում մասնակցել եք «Բարձունք»-ի տարբեր ծրագրերին։ Դրանցից մեկն էլ «Արահետ» առաջնությունն է, որի կազմակերպչական թիմում եք։ Կարո՞ղ եք հակիրճ ներկայացնել, թե ի՞նչ է «Արահետ»-ը, ու ո՞րն է այս ծրագրի նպատակը։

«Արահետ»-ը նախագիծ է մեր և մեր լեռների մասին։ Այն քայլարշավային ամենամյա առաջնություն է, որը  իրականացվում է հունիս ամսին։ Նախատեսված է 18 տարին լրացած բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են լեռնագնացությամբ։ Առաջնությանը  մասնակցում են 6 հոգուց բաղկացած խմբերով։ Արշավական երթուղին ամեն տարի տարբեր է,  միջինում կազմում է 25 կմ։ Այն ներառում է Հայաստանի մեկ կամ մի քանի մարզեր։ Լավագույն արդյունք ցուցաբերած 3 թիմերը պարգևատրվում են արժեքավոր մրցանակներով։ «Արահետ»-ը միտված է լեռնագնացության մշակույթի տարածմանը։

 

 

– Ի՞նչպես որոշվեց, որ Դուք եք ստանձնելու «Արահետ 2024» ծրագրի ղեկավարի դերը։

– Ես ներգրավված եմ եղել «Բարձունք»-ի տարբեր ծրագրերում, բայց 2023թ․-ին հիմնականում կենտրոնացա հենց «Արահետ» ծրագրի վրա։ Գեղամի հետ զբաղվում էինք կազմակերպչական և տեխնիկական հարցերով։ 

 

Բացի այդ, արշավները իմ կյանքում մեծ դեր ունեն, և այս գործում արդեն մտել եմ մասնագիտական դաշտ։ Սա ուղղակիորեն կապված է «Արահետ» ծրագրի հետ։ Հիմնականում հենց այս պատճառներով ծրագրի ղեկավարի դերը ես ստանձնեցի։ 

 

– 2023թ․-ին «Արահետ»-ի կազմակերպիչները խոստացան հաջորդ գավաթը դարձնել ավելի ընդգրկուն և հագեցած։ Վստահաբար, բոլորին հետաքրքրում է, թե ի՞նչ նորություններ են մեզ սպասվում։

– Ամեն տարի մենք ընտրում, մշակում ենք նոր ու տարբերվող երթուղիներ։ Անցած տարի «Արահետ»-ը կայացավ Վայոց Ձորի մարզում։ Այս տարի երթուղին ընդգրկելու է Գեղարքունիքի և Տավուշի մարզերը, ունենալու է 25 կմ երկարություն։ Հիմնական գաղափարը պահել ենք, բայց այս տարի նաև նոր ու հետաքրքիր հավելումներ ենք ունենալու։ Բացի հիմնական կատեգորիաներից,  լինելու են նաև լրացուցիչ կատեգորիաներ, օրինակ՝  լավագույն լուսանկարի մրցույթ կամ մտավոր առաջադրանքներ։ Այս շրջանակներում ևս մրցանակներ ենք հատկացվելու։ 

 

– Այս պահին ո՞ր փուլում են աշխատանքները։

– Մի քանի օրից արդեն բացվելու են «Արահետ» առաջնությանը գրանցվելու հայտերը, ապրիլի 23-ին կտրվի մեկնարկը։ Թիմերը մոտ 2 ամիս ժամանակ կունենան՝ գրանցվելու, պատրաստվելու, երթուղուն ծանոթանալու համար։ Հունիսի 23-ին արդեն կկայանա բուն առաջնությունը։

 

– Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում մրցույթի կազմակերպման ընթացքում։

«Արահետ» ծրագրի իրականացման համար բավական մեծ թիմ է աշխատում։ Այդ աշխատանքը շատ հաճախ չի երևում, քանի որ առաջնությունը տեղի է ունենում մեկ օրվա ընթացքում։  Բայց մինչև այդ, մենք դրան ամիսներով պատրաստվում ենք՝ երթուղու հետախուզումից՝ մինչև ծրագրի հանրայնացում։ 

 

Մեր գլխավոր խնդիրն այս պահին հենց ծրագրի հանրայնացումն է։ Պետք է հասնենք այն փուլին, որ ծրագիրը դառնա համահայկական ամենամյա փառատոն։ Դժվարությունը հանրության լայն շերտերում այդ գաղափարը ու ծրագրի կարևորությունը տարածելու մեջ է կայանում։ 

 

Նաև ուզում եմ նշել, որ մեր նախագիծը բաց է համագործակցությունների համար, և մեր գաղափարը կիսող ընկերություններին ուրախ կլինենք տեսնելու՝ որպես ծրագրի գործընկեր-հովանավորներ։  

 

 

– Անցած տարի ևս եղել եք կազմակերպչական թիմում։ Ինչքանո՞վ է փորձն օգնում «Արահետ 2024»-ի կազմակերպման հարցում։ 

– Անցյալ տարի թեև կարճ ժամանակում էինք պատրաստվել, լավ նախագծել էինք ծրագրի ամեն դետալը։ Սակայն գործնական դաշտում դեռևս փորձառություն չունեինք։ Այս տարի արդեն ունենք  այդ փորձը, և դրա հիման վրա ենք կարողանում ծրագիրն ավելի մեծացնել։ 

 

– Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք այս տարվա մրցույթից։

– Անցած տարվա առաջնությանը մասնակցել է 10 թիմ,  ընդհանուր առմամբ՝ 60 մասնակիցներով։ Այս տարի ակնկալում ենք առնվազն կրկնապատկել թիմերի քանակը։ Նաև նշեմ, որ հատուկ զեղչեր կունենան կրթական կառույցներ ներկայացնող թիմերը։ 

 

Գալիք ու հաջորդ տարիների ընթացքում նախատեսում ենք «Արահետ» առաջնությունը դարձնել մրցույթ-փառատոն, որն իր մեջ կներառի ամենատարբեր մրցույթային կատեգորիաներ։

 

 

– Ինչո՞վ է «Արահետ»-ը տարբերվում այլ մրցույթներից։

«Արահետ»-ը ունի լուրջ գաղափարական հենք։ Այն հենց լեռնային առաջնություն է, որովհետև մեր երկիրն է լեռնային։ Մենք պետք է ուսումնասիրենք, ճանաչենք և տեր կանգնենք մեր երկրին։ Նպատակ ունենք «Արահետ»-ի միջոցով ստեղծել մեր երկիրը բացահայտելու նոր ու հետաքրքիր հարթակ։

 

 

Հեղինակ՝ Աննա Կիրակոսյան