«Բարձունք» համայնքում կայացան Առաջնորդող խորհրդի անդրանիկ ընտրությունները
2024թ․ մարտի 23-ին «Բարձունք» կրթական շարժման գրասենյակում տեղի ունեցավ «Բարձունք» համայնքի անդրանիկ ընտրությունը, որի շնորհիվ՝ ձևավորվեց Առաջնորդող խորհդի նոր կազմը։
Ընտրությունները կազմակերպելու համար ձևավորվել էր ընտրական հանձնաժողով, որի կազմում էին՝ Կարապետ Թոմիկյանը, Տիգրան Չթչյանը, Մարի Հայրապետյանը, Զավեն Օդաբաշյանը և Վիկտորիա Գասպարյանը։
Ընտրություններին քվեարկելու իրավունք ունեին «Բարձունք» համայնքի բոլոր գրանցված անդամները։ Ընտրական գործընթացն իրականացվեց շնորհաշատության սկզբունքով։ Յուրաքանչյուր ընտրող իր ձայնը կարող էր տալ մինչև 7 թեկնածուի։ Հաշվարկների ժամանակ ձայնի կշիռը հավասար էր աստղերի /կազմակերպության անդամի անձնական ներդրումն արտահայտող «չափման միավորի»/ բազմապատիկին։ Ընտրաթերթիկի վրա նախապես նշվում էր նաև ընտրողի աստղերի քանակը։ ԱԽ թեկնածուն համարվում էր ընտրված, եթե հավաքում էր քվեարկության մասնակիցների աստղերի գումարային քանակի առնվազն 5% ձայները։ ԱԽ անդամների նվազագույն թիվը 7-ն է, առավելագույնը՝ 12-ը:
ԱԽ ընտրություններին առաջադրվել էր 7 թեկնածու։ Նրանք այն մարդիկ էին, որոնք մինչև այդ մշակել ու ղեկավարել են «Բարձունքի» առանցքային ռազմակվարական խնդիրների իրագործումը։
Արեգ Թադևոսյան – «Բարձունք»-ի կրթական ծրագրերի և մեթոդական մշակումների ռազմավարական կառավարման պատասխանատու, ներգրավված է «Դեպի Բարձունք» նախագծի մշակման և կառավարման, ֆոնդհայթայթման, արտաքին հարաբերությունների աշխատանքներում։
Գայանե Թունյան – Հաղորդակցման և մարքեթինգի պատասխանատու։
Գեղամ Օհանյան – «Դեպի բարձունք» նախագծի համակարգող, «Բարձունք» երևանյան կենտրոնի ադմինիստրատիվ մասի պատասխանատու։
Հայկ Նավասարդյան – գործընկեր կառույցների հետ հանդիպումների, համագործակցության պատասխանատու։
Մեհրի Ղազարյան – ներգրավված է ֆինանսների կառավարման գործընթացում, սոցիալական ձեռնարկատիրության համակարգման աշխատանքներում, կառույցի ռազմավարական և ընթացիկ աշխատանքային այլ գործընթացներում։
Տիգրան Արեգունի – ներգրավված է Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի մշակման, արտաքին կապերին առնչվող, անդամների հետ տարվող աշխատանքներում։ Ներկայացնում է «Բարձունք»-ը «Անվտանգային և ռազմամարզական կառույցների միավորում»-ում։
Տիգրան Սեդրակյան – ներգրավված է ադմինիստրատիվ աշխատանքներում։
Մինչև ընտրությունների բուն գործընթացը՝ ելույթներով հանդես եկան ԱԽ թեկնածուները․
Գեղամ Օհանյանն իր խոսքում, մեծապես, կարևորեց ընտրական գործընթացը. – «Այսօրվա ընտրությունները հիմք են լինելու հետագա ընտրությունների համար, որպեսզի դրանք լինեն ուժեղ, կայուն, լեգիտիմ։ Մեր երկրում այսօր խիստ ճգնաժամ է՝ գաղափարական և հոգևոր։ Մենք այս իրականությունից կտրված չենք, այս իրականության մեջ ենք ու այս իրականության համար։ Եվ մենք փոխելու ենք երկիրը՝ կրթելով, միավորելով, արարելով»։
Գայանե Թունյանն իր խոսքում ասաց. – «Բազմաթիվ գործող կառույցներից «Բարձունքն» եմ ընտրել, քանի որ այն հիմքը, որ սահմանել ենք Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզով, ամուր է, լուսավոր, և մենք ամեն օր այն կայացնում ենք»։ Կարևորելով շարժման որդեգրած կամավորության սկզբունքը՝ Գայանեն նկատեց. – «Շատերն ասում են, որ կամավորության ժամանակ չունեն։ Չեմ համաձայնի այդ մտքի հետ․ կարծում եմ, որ ժամանակը ստեղծվում է ավելորդ զբաղմուքներից ազատվելու ու կամք դրսևորելու արդյունքում»:
Թեկնածուներից Արեգ Թադևոսյանը ևս կարևորեց կամավորների ներդրումը «Բարձունք» շարժման աշխատանքներում. – «Մենք շատ կարևոր գործ ենք անում ու պետք է իրար հետ կիսենք այդ կարևորության զգացումը, որպեսզի հասկանանք, որ մեծ գործ ենք նախաձեռնել, և որ բոլորի կարիքն այստեղ կա»։
ԱԽ թեկնածուների ելույթների մեջ կարմիր թելի պես անցնում էին գործունեության երկարաժամկետության, համակարգայնության, համագործակցության գաղափարները: Այս համատեքստում՝ Տիգրան Արեգունին մեջբերեց ՏՏ ոլորտի հայտնի գործիչ Կարեն Վարդանյանի խոսքերը. – «Անհատները չեն հաղթում, հաղթում են թիմերը։ Այն թիմերը, որոնք կարողանում են համակարգ ստեղծել, մշակել երկարաժամկետ տեսլական և գործել դրան համահունչ»։ Այս մասին խոսեց նաև թեկնածուներից Տիգրան Սեդրակյանը. – «Ես շատ ուրախ եմ, որ շատերդ ներգրավված եք այս գործընթացներում, և ձեր անմիջական աջակցությամբ ու համատեղ ջանքերով են նախագծերը կյանքի կոչվում»:
«Առաջնորդող խորհուրդը մինչև այս ձևավորվել էր առանց ընտրությունների, հիմա, երբ ստանում ենք վստահության քվե, ոչ միայն պատասխանատվությունն է մեծանում, այլև՝ պատասխանատվության ընկալումը», – ընդգծեց թեկնածուներից Մեհրի Ղազարյանը, – «որպես ժողովրդավարական երկրում ստեղծված կառույց՝ մենք կարող ենք օրինակ ծառայել, թե ինչպես կարելի է հասնել այն նպատակներին, որոնց կատարումը քեզ է վստահված»։
Թեկնածուներից բացի, խոսք ունեին ասելու նաև ընտրողները.
Հասմիկ Սարիբեկյանը, մասնավորապես, կարևորելով «Բարձունքի» դերն ու նշանակությունը՝ նշեց, որ որպես կառույց՝ այն լավ օրինակ կարող է ծառայել մեր երկրում. – «Շատ կարևոր է, որ մեր հասարակության մեջ լինի ու արմատանա այն գաղափարը, որ յուրաքանչյուրը պետք է ընտրի և ընտրվի՝ համաձայն իր արժանիքների և կատարած գործերի»։
Մհեր Սանոսյանն էլ նկատեց. – ««Բարձունքի» ԱԽ-ում, ընդամենը, մի քանի հոգի են, բայց նրանք ներկայացնում են «Բարձունքի» և, ընդհանրապես, հայ մարդու շահերը։ Մենք նրանց հնարավորություն ենք տալիս, իսկ իրենք պատասխանատվություն են ստանձնում»:
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչ կարող է և մի քիչ ավելին»,- ասաց «Բարձունքի» անդամ, գրող, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը,- «Պետք է ստանձնես և անես այն, ինչ միայն ինքդ կարող ես անել: Դա իմ նշանաբանն է։ Քանի որ սա արարողակարգ է, ես այսօր եկել եմ, որ իմ քվեն տամ։ Սակայն այն թեկնածուները, որոնք այսօր կընտրվեն, իրենց աշխատանքով արդեն իսկ ապացուցել են, որ արժանավոր են»:
Այնուհետև սկսվեց բուն ընտրական գործընթացը։ Ընտրություններին մասնակցեց «Բարձունք» համայնքի 49 անդամ (122 ձայն), որը կազմում է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անդամների 52.8%–ը։ Այսպիսով, քվորումն ապահովվեց։
Ընտրությունների արդյունքները՝ ստորև․
– Արեգ Թադևոսյան 14.1%
– Գայանե Թունյան 14.6%
– Գեղամ Օհանյան 14.4%
– Հայկ Նավասարդյան 14.3%
– Մեհրի Ղազարյան 14.0%
– Տիգրան Արեգունի 14.3%
– Տիգրան Սեդրակյան 14.0%։
Բոլոր թեկնածուները հաղթահարեցին անցողիկ շեմը և ընտրվեցին «Բարձունք» համայնքի ԱԽ անդամ։ Այսպիսով, «Բարձունք» շարժման ԱԽ անդամների նվազագույն թիվն ապահովվեց։
Հաջորդիվ կներկայացնենք հարցազրույցներ ԱԽ անդամների հետ, որոնցում նրանք ավելի հանգամանորեն կներկայացնեն իրենց աշխատանքը, «Բարձունք» կրթական շարժման տեսլականը, խնդիրներն ու գործունեությունը։
Նյութը պատրաստեցին՝
Անուշ Գասպարյան
Աննա Կիրակոսյան
Էլեն Առաքելյան