Բիզնեսը` համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգի մաս
Համապարփակ անվտանգային և պաշտպանության համակարգ (այսուհետ՝ ՀԱՊՀ) ներդրած պետությունները իրենց անվտանգային խնդիրները լուծում են՝ հենվելով ոչ միայն պետական ուժային կառույցների վրա, այլ ներառում են երկրում առկա ողջ ներուժը։ Սա ենթադրում է աշխատանք հանրության, հասարակական կառույցների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների, մի խոսքով՝ երկրում առկա բոլոր ոչ պետական ոլորտների հետ։ Հայաստանի դեպքում կա ևս մեկ ուղղություն՝ Սփյուռքը։ Այս ուղղությունների հետ անհրաժեշտ է իրականացնել համակարգային աշխատանք, այդ թվում՝ յուրաքանչյուր ուղղության ներուժի ուսումնասիրություն, գնահատում, զարգացման հնարավորությունների, ներգրավման ուղղությունների սահմանում, ընթացակարգերի մշակում և ներդրում, պլանավորում, օրենսդրական դաշտի մշակում, լավարկում և կարգավորում, հանրության դիմակայունության մակարդակի բարձրացում, պատրաստում և վերապատրաստում, պարբերական վարժանքների անցկացում, վերահսկում, տարատեսակ կառույցների և բիզնես կազմակերպությունների հետ համաձայնագրերի կնքում և մի շարք այլ անհրաժեշտ գործողություններ։
Այս հոդվածում կանդրադառնանք ՀԱՊՀ-ում բիզնես ոլորտի ներառմանը:
Բիզնեսը ցանկացած երկրի հենասյուներից է, հետևաբար այն ևս պետք է ուղիղ կերպով ներառվի ՀԱՊՀ-ում։ Ինչպես նշվեց, պետությունը պետք է մշակի և իրականացնի համապատասխան ընթացակարգեր, պլանավորում, անհրաժեշտ համաձայնագրերի և պայմանագրերի ստորագրում և այլ գործընթացներ՝ երկրի բիզնես ներուժով անվտանգային խնդիրներին դիմակայելու համար։ Ի դեպ, անվտանգային խնդիր ասելով՝ այս պարագայում հասկանում ենք ոչ միայն պատերազմական իրավիճակը, այլև բնական և արհեստածին աղետները։ Այսպիսով, առանձնացնենք հետևյալ երեք իրավիճակները՝ ճգնաժամային, նախապատերազմական և պատերազմական։ ՀԱՊՀ պլանավորումը պետք է լինի այս երեք ուղղությունների համար։ Հայաստանի նման երկրների համար ՀԱՊՀ-ի ներդրումը անհրաժեշտություն է, հետևաբար, տրամաբանական է, որ բիզնես ոլորտը ևս պետք է շահագրգռված լինի երկրի անվտանգային մակարդակի բարձրացման հարցում, քանի որ նաև դրանից է կախված բիզնեսի կայունությունն ու բարգավաճումը, աշխատակիցների կենսունակությունը, արտաքին ներդրումների համար վստահության մակարդակի բարձրացումը:
Մենք ունենք երկու մեծ խնդիր։ Մի կողմից՝ Հայաստանի պետական մարմինները դեռ չեն գիտակցում այս ամենի կարևորությունը և անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ ժամանակը շատ սուղ է, որպեսզի այն ամբողջությամբ օգտագործվի պետական բարձրաստիճան պաշտոնյաներին այս ամենը տեղ հասցնելու և պետական մակարդակով սայլը տեղից շարժելու համար։ Այսինքն՝ անհրաժեշտ է զուգահեռաբար, պետության ղեկավարներին հասցնել գաղափարի կարևորությունը և անհրաժեշտությունը, ինքնուրույն կառուցել սեփական կազմակերպության գործունեությունը ՀԱՊՀ տրամաբանությամբ:
Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ի՞նչ բաղադրիչներով կարող է բիզնեսը միանալ անվտանգային խնդիրների լուծման գործին, ձևակերպենք այս առումով պետության անելիքները՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ ամեն ուղղության ներկայացուցիչ այս փուլում կարող է և պետք է ինքնուրույն մշակի իր անելիքները՝ մինչև այս ամենը դառնա պետական քաղաքականության մաս:
Պետության խնդիրն է տվյալ կազմակերպության ներուժը, նրա առկա և հնարավոր այլ ուղղություններով կարողությունների զարգացման հնարավորությունը ուսումնասիրելն ու գնահատելը, կազմակերպության հետ համապատասխան պայմանագրեր կնքելը: Ըստ այդմ՝ անհրաժեշտության դեպքում ճգնաժամային, նախապատերազմական և պատերազմական իրավիճակներում այդ ներուժը նախապես սահմանված անվտանգային խնդիրների լուծմանն ուղղելը։ Պետք է ունենալ նաև տվյալ կազմակերպության անձնակազմի պատրաստման և վերապատրաստման գործընթացների պայմանագիր և պլանավորում։
Այժմ ներկայացնենք մի քանի ուղղություններ և օրինակներ:
1․ Արտադրական ներուժ
Անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալ բիզնեսի արտադրական կարողությունները և վերապրոֆիլավորման ճկունությունը։ Այսինքն՝ բացահայտել, թե տվյալ պահին քաղաքացիական արտադրություն իրականացնող բիզնեսը թեթև փոփոխությունների շնորհիվ ինչ այլ արտադրանք կարող է թողարկել, որը անհրաժեշտ կլինի այս կամ այն անվտանգային իրավիճակի դեպքում։ Այնուհետև, իհարկե, անհրաժեշտ է այդ արտադրամասի հետ համապատասխան պայմանագիր կնքել, որի համաձայն՝ ընկերությունը սահմանված արտադրանքի մասով կապահովի պետական պատվերի արագ ընդունում և կատարում։ Բերենք մեկ պարզ օրինակ։ Դիցուք, պաղպաղակի արտադրամասը կարող է նաև սառույց արտադրել։ Տարերային հրդեհների կամ պատերազմական իրավիճակում այրվածքային վիրավորում ստացած մարդկանց համար անհրաժեշտ է լինելու մեծ քանակի սառույց։ Պետության խնդիրն է համապատասխան արտադրամասի հետ ունենալ պայմանագիր առ այն, որ նման իրավիճակներում հնարավորինս սեղմ ժամկետներում կապահովվի սառույցի սահմանված խմբաքանակը:
2․ Մասնագիտական ներուժ
Անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալ կազմակերպության մասնագիտական ներուժը, գնահատել նրա՝ այլ ուղղություններով ևս կարողությունների զարգացման հնարավորությունը, կազմակերպության հետ ունենալ համապատասխան պայմանագրեր, որոնցով անհրաժեշտության դեպքում այդ մասնագիտական ներուժը ճգնաժամային իրավիճակներում պետք է ներգրավվի այս կամ այն անվտանգային խնդիրների լուծման մեջ, պլանավորի մասնագետների վերապատրաստումը։ Օրինակ՝ ՏՏ ոլորտի մասնագետները կարող են անցնել համապատասխան վերապատրաստում, ներգրավվել կիբերանվտանգության ոլորտում և/կամ տեղեկատվական պատերազմների դաշտում:
Ստորև բերված ուղղություններում վերոնշյալ գործողությունները չկրկնելու համար ներկայացնենք միայն օրինակները:
3․ Սպասարկման ներուժ
Օրինակ՝ սննդի ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող են ճգնաժամային իրավիճակներում սնունդ մատակարարել աղետի կամ պատերազմական գոտուց տեղահանվածներին:
4․ Լոգիստիկ ներուժ
Փոխադրման ոլորտի կազմակերպությունները կարող են ճգնաժամային իրավիճակներում կատարել նախօրոք պլանավորված ապրանքափոխադրումներ, որոնք անհրաժեշտ են լինելու տվյալ պահի անվտանգային խնդիրների լուծման համար:
5․ Կառուցապատման ներուժ
Օրինակ՝ շինարարական ոլորտի կազմակերպությունները կարող են ներգավվել ժամանակավոր կացարաններ կառուցելու գործում:
6․ Տեղեկատվական ներուժ
Տեղեկատվական պատերազմների դաշտում ցանկացած մեդիաներուժ ունեցող կազմակերպություն կարող է նախապես հմտանալ այդ գործում և անհրաժեշտության դեպքում միանգամից անցնել գործի:
7․ Պահեստավորման ներուժ
Դեղագործական ոլորտի կազմակերպությունները կարող են ճգնաժամային իրավիճակներում մատակարարել անհրաժեշտ դեղորայք և կատարել պահեստավորման հնարավորություն չունեցող այլ կառույցների կողմից տրամադրվող դեղորայքի պահեստավորում:
8․ Ֆինանսական ներուժ
Ֆինանսական կազմակերպությունները անտոկոս կամ ցածր տոկոսադրույքով ֆինանսական միջոցներ կարող են տրամադրել պետական ծախսերի համար:
Նման օրինակները բազում են:
Եվս մեկ անգամ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ պետությունը ներկայումս այս ամենը չի իրականացնում։ Այսինքն՝ բիզնես կազմակերպությունների ղեկավարությունները իրենք պետք է իրենց կառույցի համար մշակեն համապատասխան կոնցեպտ և այս կամ այն իրավիճակի համար ունենան հաստատված ուղեցույց։
Կազմակերպությունների անելիքներից է նաև խրախուսելը աշխատակիցների մասնակցությունը տարբեր մարզումների/հավաքների՝ այս կամ այն ճգնաժամային իրավիճակում՝ բանիմաց գործելու համար։ Կարող են ներառվել առաջին օգնության դասընթացներ, կրակային մարզումներ, մեդիագրագիտության, հոգեբանական պատերազմներին դիմակայելու դասընթացներ, տագնապի պայուսակի պատրաստում և այլն։ Ավելի լայն գործողությունների պլանավորման համար անհրաժեշտ է խորհրդակցել համապատասխան ոլորտի մասնագետների հետ։ Այս ամենը բիզնեսի տեսանկյունից կարևոր է նրանով, որ կազմակերպության աշխատակազմը իր առաջնահերթ ռեսուրսն է, և անհրաժեշտ է, որ աշխատակիցները հնարավորինս կենսունակ լինեն՝ դիմակայելու համար մարտահրավերներին և անգամ ժամանակավոր բացակայությունից հետո նորից կարողանան ինտեգրվել աշխատանքային գործընթացներում:
Երկրորդ ուղղությունը անելիքների պլանավորումն է ճգնաժամային կամ պատերազմական իրավիճակներում։ Ինչպես բիզնես ռիսկերը, այնպես էլ պատերազմական իրավիճակներում սպասվող ռիսկերը պետք է հաշվի առնվեն, և կատարվի համապատասխան գործողությունների պլանավորումը։ Վատ չէր լինի այս ամենը պլանավորելուց բացի, անցկացնել նաև համապատասխան «զորավարժություններ»: Սա կարևոր է ոչ միայն մեծ կորպորացիաների համար, այլև պետք է վերածվի մշակույթի, վարքագծի՝ ողջ բիզնես դաշտի համար։
Վերոնշյալ ուղղություններում կատարվող ներդրումները պետք է դիտարկվեն ոչ թե բարեգործություն անելու, այլ սեփական բիզնեսի ռիսկերի նվազեցման տեսանկյունից:
ՀԱՊՀ մասին ավելի մանրամասն պատկերացում կազմելու համար առաջարկում ենք ուսումնասիրել ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանի «Հորիզոններ» աշխատությունը։ Բիզնես ոլորտի ներառումը ՀԱՊՀ-ում թեմայի վերաբերյալ հատկապես ուսանելի է Նորվեգիայի անվտանգային համակարգում կիրառվող փորձը, որի մասին բավականին լայն անդրադարձ կա պարոն Արզումանյանի աշխատության մեջ:
Հայաստանը հզորանալու է նաև առաջին հերթին ՀԱՊՀ ներդնելու շնորհիվ՝ լծվելով ժողովրդի բարգավաճման և առաքելության իրականացման գործին:
Հեղինակ՝ Տիգրան Արեգունի, ծրագրավորող
Խորհրդատու՝ Հրաչյա Արզումանյան, ազգային անվտանգության ոլորտի փորձագետ