Ճանաչենք․ նա Տիգրան Արեգունին է
Տիգրան Արեգունին «Բարձունք»-ի ԱԽ անդամ է, ներգրավված է Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի մշակման, արտաքին կապերին առնչվող անդամների հետ տարվող աշխատանքներում։ Ներկայացնում է «Բարձունք»-ը «Անվտանգային և ռազմամարզական կառույցների միավորում»-ում։ Մասնագիտությամբ ծրագրավորող է, զբաղվում է փաստաթղթաշրջանառության ավտոմատացմամբ:
– Ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել զբաղվել կամավորությամբ:
– Հանրային գործունեությամբ սկսեցի զբաղվել մոտավորապես 29 տարեկանում: 2011թ.-ին, երբ առաջին անգամ հայտնվեցի «Նարեկացի» կենտրոնում Հասմիկի՝ ապագա կնոջս հետ մեր երջանկահիշատակ ընկերոջ՝ Հարութի հրավերով: Առաջին անգամ էինք առնչվում հայկական ազգային պարերի հետ, շատ ազդեցիկ էր: Մոտավորապես մեկ տարի սիրողական խումբ հաճախելուց հետո, մեր խմբում հասունացավ մի միտք, որ մենք ևս կարող ենք նպաստել մեր ազգային պարերի տարածմանը, և այսպես հիմնադրվեց «Պարենք հայերեն» նախաձեռնությունը, դրան էլ հետևեցին մի շարք ծրագրեր:
– Կամավորությամբ զբաղվելը Ձեզ երջանկացնո՞ւմ է:
– Միանշանակ: Եթե դու ներքին մղում ունես ու կարողանում ես ինչ-որ միջոցներով, տարբեր միջավայրերում դրսևորել, իրականություն դարձնել այն, ներքին բավարարվածություն ես ստանում, որն էլ հենց երջանկությունն է:
– Ասացիք, որ հասուն տարիքում եք սկսել զբաղվել կամավորությամբ: Եթե կարողանայիք հետ շրջել ժամանակը, ինչ-որ բան կփոխեի՞ք:
– Կարծում եմ՝ ոչ, որովհետև դա պետք է հասունանա մարդու մեջ: Այն ժամանակ ես դեռ նոր էի զորացրվել բանակից, իսկ դա այն շրջանն է, երբ դու պետք է քո տեղը գտնես կյանքում, մասնագիտություն, աշխատանք և այլն ձեռք բերես: Ես դարձա ծրագրավորող, և հենց այդ մասնագիտությունս է, որ ինձ ապահովեց ֆինանսապես, հնարավորություն տվեց զբաղվել կամավորությամբ: Այսինքն, եթե ես ֆինանսապես ապահովված չլինեի, գուցեև դեռ չմտածեի կամավորությամբ զբաղվելու մասին:
– Ծրագրավորողի մասնագիտությունը կիրառո՞ւմ եք նաև հանրային ոլորտում, թե՞ այն շարունակում է մնալ զուտ որպես աշխատանք:
– Մեծ մասամբ որպես աշխատանք է, բայց մասնագիտական մտածողությունը թույլ է տալիս իրերին նայել համակարգային, թիմային մտածողության տեսանկյունից: Այդուհանդերձ, որոշ պետական կառույցների համար կամավորական հիմունքներով փոքրիկ ծրագրեր գրել եմ՝ իրենց աշխատանքն ավելի հեշտացնելու, օպտիմալացնելու համար:
– Կամավորական աշխատանքը ընտանիքի հետ ժամանակ անցկացնելուն չի՞ խանգարում:
– Կխանգարեր, բայց երբ ընտանիքդ էլ է կրում այդ գաղափարները, կամավոր է, ներառված այդ գործընթացների մեջ, հենց այդ ընթացքում էլ շփումը շարունակվում է, և կարողանում ես համատեղել:
– Որո՞նք են «Բարձունք»-ի գոյության ամենանշանակալի արդյունքները, նախ՝ հանրային տեսանկյունից, հետո՝ Ձեզ համար անձնապես։
«Բարձունք»-ի ամենակարևոր ձեռքբերումները մոտեցումներն են: Ես վերլուծում եմ մինչև «Բարձունք» իմ կամավորական գործունեությունը ու հասկանում, որ մինչև այդ ամեն ինչ տարերային էր, չհամակարգված, փոքր թիմերով, իսկ «Բարձունք»-ը համակարգ է՝ հիմնված հետևողականության, երկարաժամկետության, թիմայնության սկզբունքների վրա: Սա է ամենամեծ ձեռքբերումը, որն, իհարկե, հիմնված է նախկին փորձի վրա: Կարծում եմ՝ ոչ միայն ինձ, այլև մյուս բարձունքցիների համար նախկին փորձը հիմք է այստեղ իրենց ավելի լավ դրսևորելու համար:
– Այսինքն՝ «Բարձունք»-ի արդյունավետությունը համակարգ լինելո՞վ է պայմանավորված:
– Այո՛, այստեղ երեք բան է կարևոր: Նախ՝ համակարգային մտածողությունը. պետք է ստեղծել համակարգ, «Բարձունք»-ը դիտարկել որպես համակարգ, գործունեությունը համակարգային տրամաբանության մեջ իրականացնել։ Երկրորդը թիմայնությունն է, այսինքն՝ այստեղ թիմը պիտի աշխատի, ոչ թե անհատը, որոշումները թիմային պիտի լինեն, աշխատանքները պետք է բաշխված լինեն թիմերում և այլն: Համագործակցայնությունը նույն թիմայնությունն է. մի դեպքում անհատ-անհատ համագործակցելը, մյուս դեպքում՝ կառույց-կառույց համագործակցությունը: Այդպես ավելի մեծ, «գլոբալ» թիմ է ստացվում։ Եվ երրորդը երկարաժամկետության, հետևողականության սկզբունքն է: Մենք հասկանում ենք, որ այսօր մեր երկրի, հանրության, ժողովրդի, ազգի առջև, ծառացած խնդիրները մեկ-երկու տարվա լուծում պահանջող խնդիրներ չեն: Լուծման գործիքներից, բանալիներից մեկը կրթությունն է: Այս ամենը կիրառվում է մեր պատկերացրած երազանքների երկրի սահմանման, ճանապարհային քարտեզի ուրվագծման և իրականացման համար:
– Իսկ որոշումները թիմով կայացնելիս ինչպե՞ս են հաղթահարվում կարծիքների բախումները, տարբեր մոտեցումները:
– Այդ ամենը ոչ թե հաղթահարվում, այլ համատեղվում են: «Բախումը» գուցե գործը մի քիչ դանդաղեցնում է, բայց ուժեղացնում է: Մասնակցայնությունը բարձրացնում է արդյունավետությունը, որակը, կայունությունը, ինչպես նաև դրա շնորհիվ յուրաքանչյուրն այդ որոշումը համարում է իրենը, դրա նկատմամբ սրտացավ լինում մինչև վերջ: Կարծիքների բախման արդյունքում մասնակիցներն իրենց լուման՝ գաղափարները, միջոցները, ժամանակն են ներդրել, իսկ եթե ինչ-որ մեկը որոշում է, մյուսները զուտ կատարողներ են, վերջիններն այդ գործը իրենցը չեն համարում: Այստեղ կարելի է զուգահեռ անցկացնել կառավարման մոդելների հետ. երբ կառավարումը միանձնյա է՝ վերևից ներքև ուղիղ, կտրուկ որոշումներ կայացնելու միջոցով, և երբ կառավարումը կոլեգիալ է: Իհարկե, միանշանակ չէ, որ բոլոր 1000-հոգանոց, 500-հոգանոց, 100-հոգանոց թիմերը կարող են լավ որոշումներ կայացնել, բայց մեկ-երկուսի վրա չի դրված այդ խնդիրը:
– Կարո՞ղ ենք ասել, որ որոշումները թիմով կայացնելը նշանակում է, որ պատասխանատվության ծավալը կիսվում է Առաջնորդող խորհրդի անդամների միջև։
– Այստեղ կիսվել բառը կփոխարինեի բաշխվել բառով: Այսինքն՝ այն չի նվազում, ընդհակառակը՝ ավելանում է, քանի որ դու հասկանում ես, որ դա միայն քո որոշումը չէ, այլ նաև՝ քո ընկերների, թիմակիցների: Կողքից նայողների աչքերում այն ավելի ծանրակշիռ է, և պետք է ավելի մեծ պատասխանատվությամբ առաջ տանել:
– Շարունակե՛ք նախադասությունը. «Այսօր Հայաստանին պետք է…»:
– Կրկնեմ. պետք է թիմային, համակարգային, համագործակցային, երկարաժամկետ մտածողություն՝ որպես գործիքակազմ: Բայց ամենակարևորը, որ այսօր Հայաստանին պետք է, սերն է: Պետք է սիրենք… Երբ նշված չորս բաղկացուցիչները օգտագործելիս ներդնում ենք սերը, ամեն ինչ ստացվում է:
Հեղինակ՝ Անուշ Գասպարյան