Ճանաչենք․ նա Գայանե Թունյանն է
Գայանե Թունյանը «Բարձունք» կրթական շարժման ԱԽ անդամ է, ինչպես նաև կազմակերպության մարքեթինգի և հաղորդակցման պատասխանատուն։
Կրթություն է ստացել նախ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի լեզվաբանության բաժնում, ապա մագիստրոսական ծրագիր անցել Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում՝ բիզնես կառավարում մասնագիտությամբ։ 2013-ից առ այսօր՝ «ՍԱՖԵՋ-Ֆրանսիա» ինժեներախորհրդատվական ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրենի օգնականն է: 2022թ դեկտեմբերից՝ «10։30 ակումբ»-ի հաղորդակցման և ֆոնդհայթայթման պատասխանատուն: «Հայոց երկրի կայացման մեջ անելիք ունի յուրաքանչյուրս, – ասում է Գայանեն, – իսկ «Բարձունք»-ն՝ իր առաքելությամբ և որդեգրած երկարաժամկետ գործունեությամբ, նպաստում է Հայոց երկրի կայացմանը, ինչը համընկնում է իմ տեսլականին և արժեքներին»։
«Բարձունք»-ի կյանքում իր անփոփոխ նշանակալի ներդրումն ունեցող ԱԽ անդամ Գայանե Թունյանի մարդ տեսակի, կատարած աշխատանքների, որդեգրած առաջնահերթությունների մասին ավելին իմացեք՝ կարդալով հարցազրույցը:
– Ինչպե՞ս և ե՞րբ եք սկսել զբաղվել կամավորությամբ, ակտիվ հանրային կյանք վարել։
– Կամավորությամբ զբաղվում եմ 2010թ.-ից, ու հենց այդ ժամանակվանից այն ինձ համար կենսակերպ է դարձել: Կամավորությունս սկսել եմ Գուգարաց թեմում՝ որպես թեմի «Նարեկացի» երիտասարդաց միության նախ անդամ, այնուհետև բոլոր 12 երիտասարդական կառույցների համակարգող։ Երիտմիության շրջանակում կատարած կամավորական աշխատանքի հիմնական նպատակը երիտասարդներին հայ առաքելական եկեղեցուն մոտեցնելն էր ու մեր արժեքներին ծանոթացնելը, ինչը իրականացնում էինք կրթական, մշակութային նախագծերով։
– «Բարձունք»-ին միացել եք 2020թ. վերջին՝ պատերազմից անմիջապես հետո։ Ինչպե՞ս որոշեցիք դառնալ «Բարձունք»-ի անդամ։
– Պատերազմից հետո շատերի նման, ես էլ անելանելի, փլված, բայց և ելք փնտրողի հոգեվիճակում էի, երբ ֆեյսբուքում հանդիպեցի լուսավոր հրապարակումների, որոնք արվում էին այն մարդկանց կողմից, ում գործունեությանը արդեն երկար տարիներ հետևում էի։ Առաջինը Գեղամի հրապարակումն էր՝ «Բարձունք»-ի ձևավորման մասին, ում անձամբ չէի ճանաչում։ Կարդացի, հետաքրքրեց, բայց գործնական քայլի չդիմեցի։ Այնուհետև նույն հրապարակումը տեսա Տիգրան Արեգունու մոտ, ում գիտեի «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունից։ Ի վերջո գրանցվեցի, զանգահարեցին, հանդիպեցինք ու այդպես սկսվեց «Բարձունք»-ում իմ ճամփորդությունը։
– Ի՞նչ պատկերացումներ ու սպասումներ ունեիք «Բարձունք»-ից, և ի՞նչ է փոխվել հիմա։
– Սկզբում, երբ միացա «Բարձունք»-ին, չգիտեի՝ ինչ եմ անելու: Միակ բանը, որ գիտեի, երևի այն էր, որ ուզում էի գտնել մարդկանց, ովքեր չեն հուսահատվել և ուզում են գործել, այդ դժվարին օրերին հույս ու լույս տարածել: Փնտրում էի մի միջավայր, որտեղ մխիթարանք կգտնեի, բայց «Բարձունք»-ում գտա ավելին, քան պարզապես մխիթարանքն էր: Գտա մարդկանց, որոնք չհանձնվող տեսակ են, որոնք վճռական են տրամադրված, ու որոշել են, որ ինչ էլ լինի, Հայաստանում են ապրելու ու իրենց կյանքը նվիրելու են մեր հայրենիքի կայացմանը։ Սրանք պարզապես գաղափարներ չեն։ Գիտակցված ընտրություն է, նաև՝ իմ ընտրությունը, ու, բնականաբար, երբ զգում ես, որ մենակ չես թևեր ես առնում, ուժ գտնում ու գործում։ Սկզբնական շրջանում մեր գործունեությունն ավելի բազմաշերտ էր, ամեն տեղ անելիք կար, բայց ժամանակի ընթացքում՝ արդեն 3․5 տարի անց, մենք ունենք հստակ նպատակ: Գիտենք՝ ինչ ենք ուզում՝ կայացնել Հայոց երկիրը ու գիտենք, որ այդ ճանապարհին կարևոր կետը կրթությունն է։ Այդ ուղղությամբ էլ շարժվում ենք միասին։ Այս ճանապարհին կարևոր մի պայման կա, և ինչպես Տիգրան Արեգունին է բնորուշում, մենք «Բարձունք»-ում ձգտում ենք համադրել հակադրվող իրողությունները։ Սա շատ կառուցողական մոտեցում է ցանկացած հարաբերությունում։
– Խոսենք «Բարձունք»-ում Ձեր ներկայիս դերի մասին: Դուք ԱԽ անդամ լինելուց բացի, նաև «Բարձունք»-ի մարքեթինգի պատասխանատուն եք: Ինչպե՞ս եք կարողանում կամավորական աշխատանքը համատեղել Ձեր հիմնական աշխատանքի հետ, հասցնու՞մ եք։
– Իմ օրվա ազատ ժամանակի զգալի մասը նվիրվում է «Բարձունք»-ին, որը օրական մի քանի ժամ է կազմում։ Հասցնում եմ, քանի որ պատասխանատվություն ստանձնելու որոշում ունեմ։ Կամավորությանը մեծ սիրով ու նվիրումով եմ մոտենում և մշտապես ասում եմ, որ եթե վարձատրվող աշխատանքը ինչ-որ հանգամանքների բերումով ենք ընտրում, ապա կամավորությունը մեր ազատ կամքի արտահայտությունն է: Այնպես որ՝ իմ այս գիտակցված ու ազատ ընտրության համար միշտ ժամեր գտնում եմ՝ ավելորդ զբաղբունքներից ազատվելով, արդյունավետ դարձնելով այն բոլոր ժամերը, որոնք հաճախ վատնում ու չենք նկատում՝ ներառյալ վատ սովորություններ, ծուլություն։
– Վերջերս կայացան «Բարձունք»-ի ԱԽ անդամների ընտրությունները: ԱԽ-ն ի՞նչ նոր ծրագրեր է նախատեսում իրականացնել։
– Նոր ծրագրերի նախագծեր կան, բայց այս փուլում ավելի հակված ենք շարունակելու և ընդլայնելու այն նախագծերը, որոնք սկսել ենք դեռ նախորդ տարիներին։ Դրանցից կնշեմ «Դեպի բարձունք»-ը, որի շրջանակում ակումբային ձևաչափով աշխատում ենք դպրոցների հետ՝ չորս հիմնական ուղղությամբ՝ անձնային աճ, մասնագիտական կողմնորոշում, մարդ-բնություն և դպրոց-համայնք-պետություն կապ։ Մեր ամենամյա նախագծերից է «Արահետ» քայլարշավային առաջնությունը, որն այս տարի կկայանա հունիսի 23-ին։ «Արահետ»-ը միտված է զարգացնել լեռնագնացության մշակույթը բնակչության շրջանում, մեր հանրությանը մեր լեռներին ծանոթացնելուն, նրանց հաշտեցնելուն, որը հատկապես մեր ռազմաքաղաքական իրավիճակում շատ կարևոր է։ «Բարձունք»-ը նաև ուրվագծել է Հայոց երկրի գաղափարային, բովանդակային քարտեզ, որտեղ մենք պատկերել ենք այն Հայաստանը, որն ուզում ենք ունենալ 20 տարի անց։ Մեր ներկա և հետագա բոլոր նախագծերը միտված են հենց այդ Հայաստանի կայացմանը։
– Անդրադառնանք Ձեր կրթությանը. բակալավրում ուսումնասիրել եք լեզվաբանություն, սակայն մագիստրատուրայում՝ բիզնես կառավարում։ Բակալավրից հետո ինչպե՞ս ստացվեց, որ ամբողջովին փոխեցիք Ձեր մասնագիտությունը։
– Իրականում, դա, թերևս, կյանքիս լավագույն որոշումներից էր, որին եկել եմ աշխատանքային գործունեության արդյունքում։ Եթե ես բուհն անմիջապես ավարտելուց հետո ընդունվեի մագիստրատուրա, մեծ հավանականությամբ, կշարունակեի լեզվաբանական կրթությունս, բայց այնպես ստացվեց, որ միջազգային կազմակերպությունում սկսեցի աշխատել որպես մենեջեր ու գործնական և տեսական գիտելիքներս ամրապնդելու, գործիս մեջ մասնագիտանալու կարիք ունեցա։ Արդյունքում որոշեցի շարունակել կառավարման ուղղությամբ, որպեսզի ավելի արհեստավարժ լինեմ իմ գործում։
Կարծում եմ շատ կարևոր է, որ բակալավրիատը ավարտելուց հետո մարդը իրեն փորձի ինչ-որ ոլորտում, ապա նոր միայն հետագա կրթության ճանապարհը որոշի, որովհետև, հաճախ, բակալավրիատում ուսանելիս սխալված ենք լինում, իսկ աշխատանքը հուշում է, թե մեր հետագա քայլերը որոնք պետք է լինեն:
– Տարիներ շարունակ ներգրավված լինելով կրթական նախագծերում՝ ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի կրթական ծրագրերի և դրանց որակի մասին։ Ի՞նչ կփոխեիք, ի՞նչ կավելացնեիք։
– Կրթությունը մեր ամենացավոտ, բայց և առաջնահերթություն համարվող հարցերից մեկն է։ Խնդիրները բազում են, մասնագիտական շրջանակները դրանց հաճախ են անդրադառնում, իմ համոզմամբ գլխավոր խնդիրը կրթության համակարգային, ռազմավարական մոտեցման բացակայությունն է, չիմանալը, թե մենք մեր դպրոցներում, համալսարաններում ի՞նչ մարդ ու մասնագետ ենք ձևավորում։ Մենք ուղղակի չունենք տեսլական, թե ինչ ենք ակնկալում դպրոցն ավարտող, չորս տարի բուհում սովորող ուսանողից։ Այստեղ նաև կարևոր է հասկանալը, թե մենք ինչպիսի երկրում ենք ուզում ապրել, քանի որ այդ երկիրը կերտողները կրթական հստակ ճանապարհ պիտի անցնեն։ Ցանկությունս է, որ մեր կրթական համակարգը հստակ սահմանված ազգային տարրեր ունենա, որովհետև միայն այդ պարագայում այն կսպասարկի Հայաստանի ազգային ու պետական շահերին։
– Մեր ընթերցողներին, վստահ եմ, նաև հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչո՞վ եք զբաղվում Ձեր հիմնական աշխատանքից և կամավորությունից դուրս։
– Շատ-շատ սիրում եմ արշավներ և մեր հայրենիքը բացահայտելու ոչ մի հնարավորություն բաց չեմ թողնում։ Գիտեք, այդպես Հայաստանն ավելի շոշափելի է դառնում, «ճանաչի՛ր, որ սիրես» սկզբունքը իրապես գործում է, հակառակ պարագայում ամեն բան ավելի պաթետիկ է։ Նաև ազգային պարերով եմ զբաղվում։ Այն օգնում է ավելի լավ ճանաչել ինքներս մեզ, մեր տեսակը։ Շատ միֆեր է կոտրում, օրինակ այն, որ միասնականությունը մեզ բնորոշ չէ: Ազգային պարերը նաև մեծ ազդեցություն են ունենում մեր կենցաղի, մեր վարվելակերպի վրա, օգնում են ամենօրա որոշումներում, գործողություններում՝ սկսած մեր կողքի մարդու մասին հոգալուց, մինչև ավելի կամային ու միասնական լինելը։
– Ձեր ծննդավայրը Վանաձորն է, սակայն ապրում եք Երևանում։ Երբևէ չե՞ք մտածել Վանաձոր վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու մասին։
– Մտածել եմ, քանի որ հաշտ չեմ այն իրողության հետ, որ մենք այսքան կենտրոնացած ենք Երևանում։ Սա ոչ միայն ազդում է երկրի համաչափ զարգացման վրա, այլև անվտանգային, տնտեսական ու աշխարհաքաղաքական լուրջ խնդիրների է հանգեցնում՝ թուլացնելով մեր պետությունը: Մեր թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական բոլոր ռեսուրսներն այս պահին հիմնականում Երևանում են կենտրոնացած, այդ պատճառով Ձեր նշած միտքը պարբերաբար այցելում է ինձ, փաստացի ինքս էլ նպաստում եմ դրան։ Չեմ բացառում Վանաձոր վերադարձս: Գուցեև «Բարձունք»-ի մասնաճյուղ բացելը ինձ հետ կտանի։
– Ի՞նչի մասին է երազում Գայանե Թունյանը։
– Մեծ եազանքս քաղաքակրթական, անվտանգային առումով կայացած, գործոն հանդիսացող հայրենիք ու պետություն ունենալն է։ Նաև երազում եմ այնպիսի միջավայրի մասին, որտեղ մարդիկ իրապես միմյանց սիրում և վստահում են, որովհետև այդտեղ է նաև յուրաքանչյուրիս անձնական երջանկություն կերտեկու գաղտնիքը։
– Թվարկե՛ք, խնդրեմ, երեք բան, որ Ձեզ տվել է «Բարձունք»-ը։
– Նախ գաղափարակից ու վստահելի ընկերներ, ապա երազանքի Հայոց երկրի տեսլական և հավատ, որ մեր ուրվագծած հայրենիքը հաստատ կարող ենք կայացնել։
– Ունե՞ք կյանքի կարգախոս։
– Ունեմ, թերևս երկուսը, որոնց մշտապես ձգտում եմ հավատարիմ մնալ։ Առաջինը «Բարձունք»-ի կարգախոսն է՝ «Միշտ դեպի լույս»-ը, որը նաև անձնական կարգախոս է։ Այն մշտապես հուշում է, որ մեր ցանկացած ձեռնարկում պետք է լուսավոր լինի։ Երկրորդը, որ մենք՝ ինքներս պետք է լինենք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել: Մեր փոխարեն ոչ ոք և ոչինչ չի անելու, պարտավոր էլ չէ։ Բնականաբար, ցանկացած փոփոխության հիմքում միշտ պետք է լինի սերը, բարին։
– «Այսօր Հայաստանին պետք է․․․»։ Շարունակե՛ք միտքը, խնդրեմ։
– Այսօր Հայաստանին պետք են առաքինի, ռազմավարական մտածողություն ունեցող ու համակարգեր ստեղծող մարդիկ:
Հեղինակ՝
Աննա Կիրակոսյան