Ճանաչենք․ նա Տիգրան Սեդրակյանն է

26/07/2024 Ընթերցման ժամանակը - 8 րոպե

Տիգրան Սեդրակյանը «Բարձունքի» Առաջնորդող խորհրդի անդամ է, զբաղվում է ադմինիստրատիվ հարցերով։ Զուգահեռ նաև «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի և «Մեղվաբուծության ակադեմիա» հասարակական կազմակերպության համահիմնադիրն է։  

 

– Ի՞նչ դասեր է Ձեզ տվել հանրային ոլորտի աշխատանքը։ 

– Նախ ասեմ, որ հասարակական գործունեությամբ սկսել եմ զբաղվել 1996-1997 թվականներին։ Եղել եմ Կարմիր խաչի կամավորական շարժման ակտիվիստ, ներգրավված եմ եղել Փրկարարական շարժման մեջ, Կանաչների միությունում, Հուշարձանների պահպանության ընկերությունում։ Ուզում եմ հատկապես շեշտել «1700-ամյակի ուխտագնացության գրասենյակում» ներգրավվածությունս։ Այդ կազմակերպությունը շատ մեծ ռեզոնանս էր առաջացրել ուսանողության շրջանում, շատ կուզեի, որ հիմա էլ կարողանայինք այդպիսի մեծ միավոր կազմավորել։  

 

Հասարակական կառույցների հետ աշխատանքը թույլ է տալիս ըստ արժանվույն դրսևորել ինքդ քեզ։ Երբ չկա գումար վաստակելու մոլուցք, այլ  նվիրում կա գաղափարին, անձդ ավելի արժևորված ես զգում, գոյությանդ, կյանքիդ նպատակն ավելի հստակ է դառնում, մեծանում է հետաքրքրություններիդ շրջանակը։ 

 

– Փաստորեն ուսանողական տարիքից հասարակական գործունեությամբ եք զբաղվում։ Չի՞ փոխվել արդյոք կամավորության ընկալումը առաջ և հիմա։ 

– Ո’չ, չի փոխվել, կամավորելն ինձ համար անգամ ավելի հետաքրքիր է դարձել։ Ընտանիքիս կազմավորման ժամանակ հասարակական սեկտորից դուրս մնացի, բայց պատերազմից հետո վերագտա ինձ և ունենալով ավելի որոշակի հնարավորություններ` ավելի ճիշտ եմ ինքնադրսևորվում։ 

 

– Մասնագիտությամբ երկրաբան եք։ Ինչպե՞ս է դա ազդել Ձեր գործունեության ընտրության վրա։  

– Մասնագիտությունս չի օգնել, բայց մասնագիտությանս շնորհիվ շատ ընկերներ եմ ձեռք բերել։ Համալսարանական շրջանում շատ ակտիվ էի, կային շատ հնարավորություններ, ընկերներ, նախագծեր, որոնք մեծ ռեզոնանս են առաջացրել հանրապետությունում։ Թեև ավարտելուց հետո շատ քիչ եմ աշխատել, բայց գիտությունն օգնել է մոտ լինել բնությանը։ Ներկայումս իմ երկրորդ մասնագիտությունը նույնպես կապված է բնության հետ, հաճախ եմ մարզերում լինում տարբեր նախագծերով։ 

 

– Խոսքը մեղվաբուծությա՞ն մասին է։ Կպատմե՞ք ինչպես առաջացավ հետաքրքրությունը այս գործի հանդեպ։ Գիտեմ, որ Դուք անգամ «Մեղվաբուծության ակադեմիա» եք հիմնել, որտեղ սովորեցնում եք այս մասնագիտությունը։  

– Մեղուների հանդեպ սերն իմ մեջ ձևավորվել է դեռ մանկուց, երբ ունեինք մեղվափեթակներ, որոնց պապիկս էր պահում, հայրս։ Ուսումնասիրելով հասկացել եմ, որ մեղուներից շատ բան ունենք սովորելու։ Ցանկացած մեղվաբույծ կարող է փաստել, որ մեղուներն ուղղակի ստիպում են սիրահարվել իրենց։ Չես կարող չսիրել նրանց։ Նրանց աշխարհն այնքա՜ն խորն է, և մարդն այնքան բան ունի սովորելու մեղուներից։ Ուստի, մենք փորձեցինք հասկանալ ոլորտի բացերն ու խնդիրները, փորձեցինք լուծումներ գտնել դրանց համար ու հասանք այն հանգրվանին, որ, այո՛, ստեղծել ենք երկու կառույց` «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնը և «Մեղվաբուծության ակադեմիա» ՀԿ-ն, որոնք տարատեսակ նախագծեր են իրականացնում։ Այս ամենն ուղիղ կապ ունի Հայաստանում մեղվաբուծության զարգացման հետ։

 

– Գանք «Բարձունքին»։ Ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ, ի՞նչ ընդհանուր նպատակներ Ձեզ կապեցին այս կրթական շարժմանը։ 

– «Բարձունքին» ինձ կապեց դրա գաղափարախոսությունը։ Աշխատանքի բերումով տարածք էինք փնտրում և այս որոնումների ընթացքում հասանք «Բարձունք»։ «Բարձունքը» կարողացավ մեզ աջակցել, և զուգահեռաբար գաղափարական ընկերներ ձեռք բերելով՝ ներգրավվեցինք «Բարձունքի» աշխատանքներում։ Հասկանալով, որ գաղափարական հենքն այստեղ շատ խորունկ է, շուտով դարձա նաև Առաջնորդող խորհրդի անդամ։ 

 

– Կներկայացնե՞ք, խնդրեմ,  Առաջնորդող խորհրդի՝ այս տարվա ընթացքում նախատեսած առաջնահերթ ծրագրերն ու նպատակները։ 

– Բարդ հարց է։ Առաջնորդող խորհուրդը ամեն շաբաթ ունենում է ժողով, որն անցնում է հետաքրքրիր և թեժ քննարկումներով։ Անշուշտ, ունենք տարեկան պլանավորում, նախատեսված միջոցառումներ, օրինակ` վերջերս իրականացված «Արահետ» նախագիծը, որը մեծ ոգևորությամբ կազմակերպվեց կամավորների կողմից։ Ակտիվ նախագծերից է «Դեպի Բարձունքը», որը համակարգում են Արեգ Թադևոսյանն ու Գեղամ Օհանյանը։ Կան նաև այլ նախագծեր, որոնք քննարկման, կազմավորման բովում են։ 

 

– Ինչպես նկատեցի, ծրագրերը հիմնականում իրականացվում են ԱԽ անդամների հսկողությամբ, իսկ ինչպե՞ս են կամավորները ներգրավվում։ 

– Դա իրականում կախված է առանձին մարդկանցից, առանձին դրվագներից։ «Բարձունքը» ոչինչ չի պահանջում, այլ թույլ է տալիս ինքնադրսևորվել, իրականացնել գաղափարները, գտնել սեփական առաքելությունը։ Այո՛,  նախագծերից շատերի ղեկը «Բարձունքի» Առաջնորդող խորհուրդի ձեռքում է, սակայն առանձին դեպքերում մենք ունենք նախագծեր, որոնք հաշվետու են Առաջնորդող խորհրդի առաջ։ 

 

– Այդ դեպքում ինչո՞վ են տարբերվում Առաջնորդող խորհրդի անդամները «Բարձունքի» կամավորներից։ 

– Գլխավոր տարբերությունը պատասխանատվության չափաբաժինն է։ Առաջնորդող խորհուրդը պատասխանատու է ամբողջ կառույցի ռազմավարության մշակման և իրականացման համար։ Իրականում, երբեմն բավականին դժվար է լինում որոշումներ կայացնելը։ Լինում են քննարկումներ, անհամաձայնություններ, բայց չնայած դժվարություններին, մի շարք գաղափարական քննարկումների արդյունքում կայացվում են այդ պահի համար ամենաճիշտ որոշումները։ 

 

– Կարո՞ղ եք նշել երեք բան, որ Ձեզ տվել է «Բարձունքը»։ 

– Հետաքրքիր հարց է…  Թերևս ամենակարևորը ընկերներն են։ Մարդիկ, որոնք պատրաստ են ներգրավվել, անշահախնդրորեն լուծել խնդիրները, ունեն որոշակի գաղափարական հենք, որոնց շնորհիվ քեզ ոչ միայն պաշտպանված, այլև քո հարազատ միջավայրում ես զգում։ Երկրորդը, այդ մարդկանց հետ քայլելով, նպատակներն իրականացնելն է։ Երրորդը դեռ պիտի տա «Բարձունքը»։ Դա մեր ընդհանուր նպատակն է՝ ստեղծել մարդկանց բանակ, որոնք լիովին պատկերացնում են, թե ինչպիսի Հայաստան է մեզ պետք։  

 

– Շարունակե՛ք միտքը. «Հայաստանին այսօր պետք է…» 

– Հայաստանին այսօր պետք է պատասխանատու քաղաքացի։ Պատասխանատու` բոլոր իմաստներով, այսինքն` հայրենատեր մարդ, որը պատասխանատու է հայրենատեր բառի համար, կիրթ մարդ, որը պատասխանատու է կիրթ բառի համար, ընդհանուր առմամբ՝ մարդ, որ ոչ թե կխուսափի պատասխանատվությունից, այլ հանձն կառնի ուժեղացնել իր երկիրն այնքանով, որքան անհրաժեշտ է։ Ես ունեմ մի հետաքրքիր նշանաբան՝ «Պետք է անենք այնքան, ինչքան անհրաժեշտ է, ոչ թե այնքան, ինչքան կարող ենք»։ Երբ դու ասում ես` ես չեմ կարող, որովհետև այսքանն է իմ ուժերի սահմանը, նվազում է պատասխանատվության շեմը, բայց եթե դու համոզված լինես, որ դու կարող ես և պետք է անես, այդ շեմը բնականաբար կբարձրանա։ Եվ որքան բարձր լինի բոլորիս պատասխանատվության շեմը, այնքան երկիրը կշահի։ 

 

Հեղինակ՝ Անուշ Գասպարյան