Ճանաչենք․ նա Հայկ Նավասարդյանն է

13/06/2024 Ընթերցման ժամանակը - 10 րոպե

Հայկ Նավասարդյանը «Բարձունք» կրթական շարժման հիմնադիրներից է, ԱԽ անդամ, ինչպես նաև գործընկեր կառույցների հետ համագործակցությունների պատասխանատուն։

 

Կրթություն է ստացել նախ ՀԱՊՀ-ի Միկրոէլեկտրոնիկա բաժնում, ապա մագիստրոսական ծրագիր անցել Երևանի պետական համալսարանում՝ ուսումնասիրելով Կիրառական վիճակագրություն և տվյալագիտություն։ 2017թ-ից առայսօր «Սինոփսիս Արմենիա»-ի միկրոէլեկտրոնային ինժեներներից է։ 2022–2023թթ եղել է toxometris.ai-ի տվյալագետը։

 

2018-2020թթ որպես դասակի հրամանատար ծառայել է Արցախի ՊԲ-ում։

 

Հայկին «Բարձունք»-ում նկարագում են որպես քչախոս ու խորհրդավոր անձնավորություն, որին անվերջ կարելի է բացահայտել, և որից միշտ կարելի է ինչ-որ նոր բան սովորել։ Հայկի մասին ավելին իմացեք՝ կարդալով հարցազրույցը։

 

– Հայ՛կ, Դուք ակտիվ հանրային գործունեություն եք ծավալում։ Ինչպե՞ս և ե՞րբ եք սկսել Ձեր առաջին քայլերն այս ոլորտում։

– Կարելի է ասել՝ ամեն ինչ սկսվել է արշավներից, բայց արշավներն այդքան էլ հասարակական գործունեություն չեն։ Արշավական ակումբից զատ՝ 2016 թվականին ծնվեց «Խարույկ» ակումբը, որի միջոցով  էլ սկսեցինք հասարակական գործունեություն ծավալել՝ համերգներ, միջոցառումներ և այլն։

 

 

– Նշեցիք, որ արշավական եք։ Ի՞նչ եք զգում բնության գրկում։ Ի՞նչ են Ձեզ տալիս արշավները։

– Իրականում, կարելի է ասել, որ արշավներն ինձ համար բնությունն ու մարդիկ են, որ փոխկապակցված են։ Բայց այս երկուսն առանձին ու կարևոր արժեքներ եմ համարում։ Միգուցե զարմանալի հնչի, բայց արշավ ասելիս՝ նախ պատկերացնում եմ մարդկանց, մարդկային շփումը, այնուհետև՝ բնության հետ կապը։ Այնպես չէ, որ մենք ապրում ենք քաղաքում ու բնության հետ կապված չենք։ Բնությունն անընդհատ է և ամենուր։ Եթե մի քիչ ավելի լայն ընկալենք, ամբողջ տիեզերքն ու ամեն ինչ փոխկապակցված են։ Այն, ինչը մեր երևակայության սահմաններում է, դեռ շատ քիչ է բնորոշելու համար այդ մեծ ֆենոմենը։ Երբ գնում ես արշավի, ասենք՝ լեռներ, և մի պահ մենակ ես մնում բնության հետ, առաջին հերթին այդ անվերջության մեջ քո փոքրությունն ես զգում։ Որքան էլ բանականությամբ չգիտակցես, չպատկերացնես, այդուհանդերձ, ողջ էությամբ ես զգում փոխկապակցվածությունդ տիեզերքի հետ։

 

 

– Շատ տպավորիչ է․․․ Վերադառնալով «Բարձունք»-ին՝ ո՞րն է ամենաարժեքավոր բանը, որ Ձեզ տվել է կամավորությունը։

– Դժվար հարց է, որովհետև կամավորությունն իրականում շատ բաներ է տալիս։ Նախ պետք է հասկանալ, թե մեր կատարած գործողութուններից ո՞րն է կամավորությունը, և ո՞րը կամավորություն չէ։ Պետք է որոշել սահմանները։ Եթե այն, ինչը մեր անձին չի ծառայում կամավորություն է, այստեղ էլի հարցեր են առաջանում, որովհետև այն, ինչ ծառայում է իմ Հայրենիքին, կամա թե ակամա ծառայում է նաև ինձ։

 

Իմ կարծիքով՝ կամավորությունը կյանքի կարևոր մասն է կազմում, առանց որի հնարավոր չէ ապրել։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք բացարձակ պատկերացում չունեն հասարակական կյանքի կամ ընդհանուրի շահի մասին, նրանց արած ցանկացած լավ գործն էլ իրենց կամավորության դրսևորումն է։

 

– Ի՞նչ  խորհուրդ կտաք երիտասարդներին, որ նոր են փորձում մտնել այս դաշտ։

– Շատ կարևոր է անկեղծ լինելը։ Խորհուրդ կտամ՝ իրենք իրենց հետ մշտապես անկեղծ լինեն։ Ինքդ քեզ հետ անկեղծ լինելն էլ բավական է, որ անես շատ ավելին, քան քեզ թվում է, որ կարող ես։

 

Եթե դու ընտրում ես ինչ-որ տեսակի կյանք, եթե դու ունես որոշակի գաղափարներ, քեզ մնում է ամեն վայրկյան, ամեն պահի անկեղծ լինել ինքդ քեզ հետ ու հասկանալ՝ պե՞տք է, որ դու դա անես, թե՞ ոչ։

 

Նաև ուժերդ գնահատելիս պետք է անկեղծ լինես։ Այնպես չլինի, որ այն ամենն ինչ դժվար է, ջանքեր է պահանջում, չեմ անի, իսկ այն ամենն, ինչ հեշտ է, մեծ հաճույքով կամավոր կանեմ։ Ո՛չ, պետք է անկեղծ լինես ու անես հնարավորը և դեռ մի քիչ էլ ավելին։

 

– Հա՛յկ, Դուք եղել եք «Բարձունք»-ի ակունքներում։ Կպատմե՞ք «Բարձունք»-ի հիմնադրման մասին։

– Երբ «Բարձունք»-ը հիմնվեց, նման էր անզորության ճիչի։ Դրանից առաջ ակտիվ հասարակական գործունեությամբ էինք զբաղվում ու տեսնում էինք, որ անգամ այդ բնագավառում մեր մեծ զբաղվածությունը անհրաժեշտ գործողությունների անգամ տասը տոկոսն էլ չէր կազմում։ Դա մի լավ թափ է տալիս մարդկանց ու ասում՝ հավաքվե՛ք։

 

Իմ բախտը բերել է այնքանով, որ երբ պատերազմի դաշտից նոյեմբերի 17-ին վերադարձա, այդ անզորության զգացումն արդեն յոթ օր եփվել էր ընկերներիս մեջ, ու «Բարձունք»-ի գաղափարը սկսել էր ուրվագծվել։ Բնականաբար, ես չէի կարող չմիանալ այդ գործին, որովհետև այդ նույն անզորության զգացումը ես էլ ունեի։

 

Եթե դու ինքդ քեզ լիովին նվիրել ես գաղափարին, գնացել ես պատերազմ, պատրաստ ես եղել անգամ կյանքդ տալու Հայրենիքի համար, դրանից հետո հասկանում ես, որ այլևս նախկինը չես կարող լինել։ Եթե դու մի ամիս առաջ պատրաստ էիր կյանքդ նվիրել երկրիդ պաշտպանության համար, հիմա կարող ես, չէ՞, գոնե ժամանակիդ հիսուն կամ երեսուն տոկոսը նվիրել երկրիդ ապագայի համար դրական փոփոխություն բերող մի գործի։

 

 

– Մի փոքր այլ դաշտ տեղափոխվենք։ 2020թ-ի պատերազմի մասնակից եք։ Կպատմե՞ք, թե ինչպես հայտնվեցիք առաջնագծում։

– Հնարավոր չէր, որ ես չհայտնվեի մարտի դաշտում։ Սկսեմ նրանից, որ ես պահեստազորի սպա էի և լիովին գիտակցում էի՝ ինչ է բանակը, ինչ է պաշտպանությունը և ինչու է պետք երկիրը պաշտպանել։ Երբ դեռ ծառայության մեջ էի, իմ բոլոր զորացրվող զինվորներին հարցնում էի․ «Երբ երկիրը քո կարիքն ունենա, վերադառնալո՞ւ ես»։ Եվ հիմնականում դրական պատասխաններ էի ստանում։

 

Մի կարևոր բանի  մասին ասեմ, որ պետք է ոչ միայն պատերազմի ժամանակ, այլ նաև կյանքի բոլոր փուլերում։ Մարդիկ, որ գիտակցում են, որ երկիրն իրենց կարիքն ունի, շատ հաճախ պետք է իրենց այս նույն հարցը տան․ «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա»։

 

– Պատերազմը ի՞նչ փոխեց Ձեր մեջ։

– Շատ-շատ բաներ։ Պատերազմը տակնուվրա է անում ամեն ինչ։Իրականում, եթե անկեղծ լինենք ու ճիշտ սահմանումներ փորձենք տալ, պատերազմը եղել է և՛ 2020թ․-ից առաջ և կա 2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո։ Պատերազմը չի ավարտվել, և մենք ինչքան շուտ հասկանանք դա, այնքան մեզ համար ավելի հեշտ կլինի։

 

Ռազմական գործողությունների ակտիվացումը, մահվան հետ շատ մոտիկից շփումը, մարտական ընկերների կորուստը հաստատ տակնուվրա են անում քո կյանքը։ Դու երբեք առաջվա զգացողությունները չես ունենա, բայց միևնույն ժամանակ ինչ-որ դրական բան նույնպես ստանում ես։

 

 

– Ի՞նչ եք կարծում, ներկա իրավիճակում  ո՞րն է առաջին բանը, որ պետք է անի յուրաքանչյուր հայ։

– Առաջինը՝ յուրաքանչյուր հայ պետք է ճիշտ հարցադրումներ անի ինքն իրեն, ու այդ ճիշտ հարցադրումներից առաջինն այն է, թե ո՞վ է ի վերջո հայը։

 

– Իսկ ո՞վ է հայը, ըստ Ձեզ։

– Սա իրոք շատ բարդ հարց է։ Կարելի է շատ երկար մտորել ու շատ երկար քննարկումներ ունենալ, բայց փորձեմ պատասխանել մի քանի բնութագրիչներով։

 

Առաջին բնութագրիչը միջավայրն է, որովհետև միջավայրն է մարդուն կերտում։ Եթե մարդը մեծանում է մի միջավայրում, որը հայկական չէ, նրա համար շատ դժվար է հայ մնալը։ Երկրորդը նույնականացումն է։ Մարդ պետք է իրեն նույնականացնի ինչ-որ խմբի կամ ազգի հետ։ Եվ երրորդը, որ շատ կարևոր է, երբ մարդ իրեն նույնականացնում է ազգությամբ հայի հետ, նա իրեն պետք է ընդունի որպես հայի տեսակը կրող։ Պետք է հասկանա, որ հայն ունի լավ և վատ կողմեր, հասկանա, որ հայը դժվարության մասին է, ծանր կյանքի մասին է։ Բոլոր վատ կողմերը պետք է ընդունի, մարսի ու անցնի առաջ։ Միայն հայի լավ կողմերով հպարտանալով՝ հնարավոր չէ հայ մնալ։ Պետք է ամբողջությամբ ընդունել հայի տեսակը ու հասկանալ, թե ինքդ այդ ընտանիքում ի՞նչ բաղադրիչ ես և ո՞ւր ես շարժվում։

 

– Ինչի՞ մասին է երազում Հայկը։

– Ես կարծում եմ, որ այս հարցում սահմանափակումներ չպետք է դնել։ Շատ կարևոր է, որ իմ, քո կյանքն ամբողջությամբ՝ իր բոլոր հնարավորություններով, ուղղված լինի հայի մեր ընտանիքը, մեր ընդհանուր այս համակարգը դեպի լավը, դեպի լուսավոր ապագա  տանելը, ու այդ ճանապարհին պետք է երազել առանց սահմանների ու սահմանումների։ Պետք է ձգտել անել առավելագույնը։

 

Բայց, այդուհանդերձ, մի բան հստակ է ինձ համար, շա՛տ հստակ։ Արցախը պետք է վերադառնա։ Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում դրանում ու չեմ կասկածում, որ դա իմ ձգտումն է լինելու, մինչև իմ կյանքի վերջը կամ ավելի ճիշտ՝  մինչև դա իրագործված կտեսնեմ։ Այն, ինչ ես տեսել եմ, զգացել, ունեցել, այն, ինչ ես ստացել եմ իմ նախորդ սերունդներից, պետք է վերադարձնեմ հաջորդ սերունդներին։

 

– «Այսօր Հայաստանին պետք է…», – շարունակե՛ք միտքը, խնդրեմ։

– Այսօր Հայաստանին նախ և առաջ պետք է անկեղծություն։ Հայաստանը կսահմանեմ՝ որպես հայերի ամբողջություն, իսկ յուրաքանչյուր հային անկեղծություն է պետք ինքն իր հետ։ Մենք պետք է անկեղծորեն ճիշտ հարցադրումներ անենք, սահմանենք մեր նպատակներն ու անկեղծորեն, առանց գլուխ պահելու գնանք դեպի այդ նպատակների իրականացումը։

 

Հեղինակ՝ Աննա Կիրակոսյան