Ճանաչենք․ նա Գեղամ Օհանյանն է
Գեղամ Օհանյանը «Բարձունք» կրթական շարժման հիմնադիրներից է, ԱԽ անդամ, ինչպես նաև «Դեպի բարձունք» նախագծի պատասխանատուներից։
Կրթություն է ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ ուսումնասիրելով կիբերնետիկա։ Գործունեություն է ծավալում զբոսաշրջության և կրթության ոլորտում։ Հանդիսանում է «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր տնօրենը։ 2010 թվականից առայսօր վարում է ակտիվ հանրային կյանք։
«Բարձունք»-ին անվերապահորեն նվիրված Գեղամ Օհանյանը պատմել է «Բարձունք»-ի հիմնադրման, գաղափարախոսության և ապագայի մարտահրավերների մասին։ Ավելին իմացեք՝ կարդալով հարցազրույցը:
– 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո մի խումբ զինակից ընկերներով հիմնեցիք «Բարձունք» կրթական շարժումը։ Պատմե՛ք, խնդրեմ, թե ինչպե՞ս եկաք այդ ոորոշմանը։
– 2020թ.-ի պատերազմից վերադառնալուց հետո՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, հավաքվեցինք մտավորական, հանրային կյանք վարող, մարտական ընկերներով։ Այդ օրը ոչ ոք տուն չգնաց, մինչև կայացրինք «Բարձունք»-ը ստեղծելու որոշումը։
Մենք կոչ հղեցինք մեդիա հարթակնրի միջոցով, և «Բարձունք»-ի հիմնումից անմիջապես հետո՝ նոյեմբերի երկրորդ կեսին, արդեն հարյուրավոր մարդիկ էին անդամագրվել։ Մեր կոչում մասնավորապես ասվում էր, որ մեզ երեսուն տարի խաբել են, իսկ մենք՝ շարքային քաղաքացիներս, որ ամենատարբեր ոլորտներում տարբեր գործունեություն ենք ծավալել, դրսևորել ենք մեր անձնական, քաղաքացիական ակտիվությունը, հասկացանք, որ այդ ամենը փաստորեն քիչ է եղել, գուցեև, երբեմն նաև սխալ, որովհետև ընդհանուր գործընթացները սխալ ուղղությամբ են գնացել և հասել են անգամ այնտեղ, որ հնարավոր է եղել մի գրչի հարվածով, ստորագրությամբ լեռներ հանձնել․․․
Մենք սկսեցինք մասնագիտական խմբեր հավաքագրել, սահմանել ոլորտային խնդիրները մեր երկրի մասշտաբով։ Հաջորդ քայլը այդ խնդիրների լուծումների մշակումն ու դրանց իրականացման մեխանիզմների հայտնաբերումն էր։
Սա է եղել «Բարձունք»-ի մեկնարկի հիմքում։ Հետագայում «Բարձունք»-ը այս նպատակին հասնելու համար իր գործունեությունն ու ջանքերը կենտրոնացրեց հենց կրթության ուղղությամբ։
– Իսկ ինչո՞ւ հենց «Բարձունք»։
– Այդ անվան տակ մի քանի գաղափար կա։ Նախ դրա մեջ վեր ընթանալու, լեռ բարձրանալիս մաքառելու իմաստը կա։ Երբ բարձունք ես հաղթահարում, ամեն քայլի հետ բարդանում է վերելքը, բայց և ամեն հաջորդ քայլն անելուց հետո տեսադաշտը շատ ավելի լայն ու մեծ է դառնում։
Երկրորդ գաղափարը դեպի զարգացում ու ինքնաճանաչում տանող տիեզերեկան, զորացնող ճանապարհն է։
Կա նաև երրորդ խորհուրդը։ Դա փոքր-ինչ այլաբանական է․ մեր ընկալումն է, զգացումը, որ ունենք այդ բառի նկատմամբ։ Մենք ընկերներ ենք կորցրել բարձունքներում, որ մնացել են թշնամու վերահսկողության տակ, ու մենք այդ բարձունքները հետ բերելու խնդիր ունենք։ Դրանք ոչ միայն այն բարձունքներն են, որոնք մենք ենք կորցրել՝ մեր դարում, այլև նրանք, որոնք մեր պապերը, մեր հայրերը նախկինում են կորցրել։
– Ինչո՞ւ միանալ «Բարձունք»-ին, Գեղա՛մ։
– «Բարձունք»-ին պետք է միանալ, որովհետև այս կրթական շարժումը հայրենիքին ծառայելու հնարավորություն է տալիս։ «Բարձունք»-ը մի միջավայր է, որտեղ կան գաղափարակիցներ, ընկերներ, ովքեր անշահախնդրորեն գալիս են ու իրենց ներդրումն են ունենում հայրենաշինության գործում։ Այստեղ մարդիկ մրցում են ոչ թե ավելի շատ բան ստանալու, այլ տալու հարցում։
– «Բարձունք»-ը Ձեզ ավելի շատ բան տալի՞ս է, թե՞ վերցնում։
– Չնայած, շատերը կարծում են, որ ես «Բարձունք»-ին տալիս եմ գրեթե ամեն ինչ, այդուհանդերձ, «Բարձունքը» ինձ մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի ես աճեմ՝ որպես անհատ, որպես այս երկրի քաղաքացի։ Երևի այս առումով ես «Բարձունք»-ից ավելի շատ ստանում եմ՝ առանց ստանալու ակնկալիքի։
– Դուք նաև «Բարձունք»-ի ԱԽ անդամ եք։ Ի՞նչ մարտահրավերներ է իր մեջ պարունակում ԱԽ անդամ լինելը։
– Առաջին հերթին պետք է նշեմ պատասխանատվությունը, քանի որ առաջնորդել՝ նախ նշանակում է պատասխանատվություն կրել։ Սա բազմաճյուղ գործունեություն է՝ ուղղված թե՛ ինքնազարգացմանը, թե՛ դաշտի ուսումնասիրմանը, թե՛ գործողությունների մեխանիզմները, հաջորդականությունը հասկանալուն, և թե՛ այդ ամենն առաջ տանելու կամք դրսևորելուն։ Մի կարգախոս կա, որով ես առաջնորդվում եմ՝ «Մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է, ոչ թե այն, ինչ կրող ենք»։
Կարևորում եմ նաև թիմային մտագործունեությունը և պատասխանատվությունը, ինչը հաջողության անփոխարինելի գործոն է։ Եվ, իհարկե, ինչպես արդեն ասացի, ԱԽ անդամ լինելը անձնական աճի և զարգացման մեծ հնարավորություն է ինձ համար։
– «Բարձունք»-ը գծագրել է Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզ, ժամկետներ նախանշել. որքանո՞վ է իրատեսական, որ, սահմանվածի համաձայն՝ 20 տարի անց այն իրականություն կդառնա։
– Ճիշտ այնքանով, որքանով մենք հավատում ենք դրան։
– Ինչո՞վ է կարևոր կամավորությունը։
– Կամավորությունը երջանկության ճանապարհն է, որ ես գտել եմ արդեն վաղուց։ Պատճառը շատ պարզ է։ Երբ մասնագիտական, անձնական և ցանկացած այլ դաշտում մարդ որևէ գործունեություն է գեներացնում՝ առանց կամք ու սեր ներդնելու, այսինքն՝ ոչ կամավորական սկզբունքով, այդ գործունեությունը լավ տեղ չի տանում, իսկ այն բոլոր գործընթացները, որտեղ մարդ կամավոր ընդգրկվում է, որպեսզի բարիք գործի, լավը ու գեղեցիկը ստեղծի, այդտեղ մարդը ակամայից նաև գտնում է իր երջանկությունը։
Իմ օրվա մեծ մասը կամավորությամբ է լեցուն։ Ես գտել եմ ինձ և իմ երջանկությունն այստեղ, և դա ինձ չի թուլացնում մյուս կենսական խնդիրները լուծելիս, այլ ընդհակառակը՝ ավելի ուժեղ է դարձնում։
Կամավորության մեջ ես շարունակ ինքնակրթվում եմ որպես ուսուցիչ ու անընդհատ աշխատում եմ երիտասարդների, երեխաների հետ։ Սա ինձ բնականաբար օգնում է իմ երեխային կրթելու հարցում։ Կամավորության մեջ լինելով՝ ես ձեռք եմ բերում նախագծեր կառավարելու, գործընթացներ հասկանալու և իրականացնելու հմտություններ, և այդ ամենն ինձ օգնում է իմ ֆինանսական խնդիրներն ավելի հեշտ լուծել։ Այսպիսով, կամավորությունը դառնում է այն օղակը, որի միջոցով լուծում ենք նաև մեր անձնական խնդիրները։
– Դժվար չէ՞ կամավորությունը անձնական կյանքի հետ համատեղելը։
– Կամավորությունը հիմնականում լինում է այն բաների հաշվին, որոնք մարդիկ սովորաբար անվանում են հաճույք, ժամանց, հանգիստ ու նման բաներ։ Փորձը ցույց է տալիս, որ հաճույքը, ըստ իս՝ իրական հաճույքը, հնարավոր է գտնել հենց կամավորության մեջ, քանի որ դու այստեղ ունենում ես իրական նպատակ, որին սիրով ծառայում ես, որի ճանապարհին հաղթահարում ես շատ խնդիրներ։
– Ըստ Ձեզ ինչպիսի՞ն պետք է լինի շարքային հայը։
– Շարքային հայը, եթե կարճ ասենք, պետք է մի քանի անգամ ավելին լինի, քան այսօր է, քանի որ մեր երկիրը ուղիղ կախման մեջ է այդ մի հայից։
Շարքային հայը առաջին հերթին պետք է լինի հայրենաճանաչ, հայրենատեր և ունենա մարդկային այնպիսի որակեր, որոնք մեր երկիրը և մեր ազգը կդարձնեն ավելի լավը, պատսխանատու, սիրող, արարող, լուսավոր․․․
– Գեղա՛մ, ի՞նչ եք կարծում, ո՞րն է անմենամեծ խնդիրը, որին բախվելու է հաջորդ սերունդը։
– Մենք երկու խնդիր ենք փոխանցելու հաջորդ սերնդին։ Մեկը՝ մեր երկրի բարդագույն իրավիճակն է․ տիտանական չափերի մարտահրավերներ են այժմ ծառացած մեր երկրի առջև, և երկրորդը՝ աշխարհի փոխանցած մարտահրավերներն են, որոնք ոչ միայն հայ սերուդներին են բաժին հասնելու, այլև՝ ամբողջ աշխարհին։
Գալիս է նոր աշխարհ՝ համացանցի, արհեստական բանականության և այլ տեխնոլոգիական զարգացումների միջոցով, որտեղ հին մարդը մրցունակ լինել չի կարող, իսկ նոր մարդու հայեցակարգը դեռ չկա։ Ցավով պետք է նշեմ, որ մարդիկ են լինելու, ովքեր մնալու են այս հին մակարդակի վրա, և լինելու են մարդիկ, ովքեր թռիչքաձև առաջ են անցնելու։ Մարդու այս երկու տեսակները ապրելու են միմյանց հետ նույն միջավայրում, որտեղ մեկը ունի հզոր զենքեր, իսկ մյուսն անզեն է։
Այստեղ միայն սերը կարող է գալ՝ հաշտեցնելու, քանի որ կարող են լինել ծանր, անգամ բախումային իրավիճակներ։ Սերը ամենակարևոր գաղափարներից մեկն է, որը մենք պետք է այսօր փոխանցենք եկող սերնդին։
– Ի՞նչն է ձեզ պայքարելու ուժ տալիս։
– Գաղափարները, այն գաղափարները, որոնք առաջ են տանում մարդուն՝ որպես մոլորակի քաղաքացի։ Ամեն քայլափոխի կարող եմ իմ գործը ուղիղ իմաստով կապել այս գաղափարների ու արժեքների հետ։ Դրանով իմ կյանքը այս քաոսի մեջ ավելի հանդարտ է դառնում։ Թեև կողքից նայողները տեսնում են բուռն պայքարող տեսակ, բայց այդ տեսակը ներքուստ բավական խաղաղ է, որովհետև փորձում է հնարավորինս անկեղծ լինել ինքն իր հետ։
– «Այսօր Հայաստանին պետք է…», – շարունակե՛ք միտքը, խնդրեմ։
– Այսօր Հայաստանին պետք են լավատես, պայքարող մարդիկ, նոր արժեքավոր գաղափարներ և կարևորը՝ պետք է պայքար։ Ես չէի ցանկանա, որ մենք վաղը առավոտյան արթնանանք մի երկրում, որտեղ ամեն բան իդեալական է, որվհետև դա բնական չէր լինի։ Մենք ինքներս պետք է հասնենք այդ իդեալականին։ Դրան հասնելու ընթացքն անվերջ է, և այդտեղ է կյանքի իմաստը։ Միանգամից տրված, առանց պայքարի գրավված բարձունքները իմ կարծիքով անիմաստ են։
Հեղինակ՝ Աննա Կիրակոսյան