Ճանաչենք․ նա Աննա Կարազյանն է

21/06/2024 Ընթերցման ժամանակը - 9 րոպե

Աննա Կարազյանը 2023թ.-ից «Բարձունք» կրթական շարժման կամավորներից է, ներգրավված է հաղորդակցման և մարքեթինգի թիմում։ «Գրքասերների ակումբ»-ի հիմնադիր-անդամ է։ 2003-2008թթ. սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում։ 2009-2013թթ․ ավարտել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիան (արվեստի տեսաբան-պատմաբանի մասնագիտացմամբ)։ Զբաղվում է 3D մոդելավորմամբ։

 

– Ի՞նչը Ձեզ դրդեց կամավորական աշխատանք սկսել «Բարձունք»-ի հետ, և ինչի՞ եք ակնկալում հասնել ձեր ներգրավվածությամբ:

– Միշտ եմ ցանկացել կամավորություն անել ի նպաստ Հայրենիքիս։ Իմանալով, որ «Բարձունք»-ը կրթական նախաձեռնությունների շուրջ ձևավորված կառույց է, հասկացա, որ սա հենց այն միջավայրն է, որում ուզում եմ գործել։ 2017-2018 թթ․-ից դեռ վստահ էի, որ կրթությունն է հզոր, կայուն ու զարգացած երկրի հիմքը։ Իհարկե, որոշակի ժամանակ է պետք որևէ կառույցի, առավելևս՝ երկրի հիմքերը բարելավելու ու զարգացնելու համար, բայց դա կենսական անհրաժեշտություն է։ Իմ ներգրավվածությունը կամավորական աշխատանքներում պատկերացնում եմ նախ նոր կամավորներ ընդգրկելու մեջ, ապացուցելու, որ կամավորությունը ոչ միայն պահանջներ է ներկայացնում, այլև ոգևորում է, հարստացնում, օգնում կյանքում ճիշտ տեղդ գտնելուն։ Որպես կամավոր՝ պատրաստ եմ տրամադրելու իմ կարողությունները, գիտելիքներն ու փորձը։

 

Կպատմե՞ք «Բարձունք»-ում Ձեր հիմնական զբաղվածության մասին։

– «Բարձունք»-ի հաղորդակցման և մարքեթինգի թիմից եմ, զբաղվում եմ վիզուալ բովանդակության ստեղծմամբ, «Հայոց երկրի»-ի գաղափարական–բովանդակային քարտեզի նախագծման շուրջ եմ աշխատել (հիմա արդեն շապիկների վրա ենք տպագրում), ինչպես նաև «Գրքասերների ակումբ»-ի անդամ եմ, ու շուտով ծրագրում ենք գրադարանի շահագործումն ակտիվացնել, բայց մինչ այդ, աշխատանքներ պետք է իրականացնենք՝ այն կարգի բերելու, նոր գրքերի ձեռքբերման ու գրադարանի աշխատանքների համակարգման ուղղությամբ։

 

 

Աննա՛, կարո՞ղ եք պատմել բարձունքյան որևէ նախագծի կամ նախաձեռնության մասին, որով հատկապես ոգեշնչված եք։

– Երևի «Բարձունք»-ի հենց այն նախագծի մասին խոսեմ, որի շրջանակում դպրոցներում հատուկ ակումբներ են բացվում։ Երեխաները, այս ակումբներում ներգրավվելով, ավելի ինքնուրույն են դառնում, կարողանում են իրենք իրենց ներսում «կառավարման համակարգ» ստեղծել։ Դա չափազանց կարևոր է․ երեխաները պետք է ընկալեն, որ կարող են իրենց շրջապատում ինչ-որ բան փոխել դեպի լավը, ինչ-որ գործ ձեռնարկել, համակարգել և զգալ, որ իրենց ձեռքում է կառավարման ղեկը։ Մարդկանց, հատկապես երիտասարդներին, պետք է տրամադրվի գործելու և որոշում կայացնելու հնարավորություն ու հեռանկար։

 

Ըստ Ձեզ՝ ի՞նչ նոր նախագծեր կամ միջոցառումներ կարող են նպաստել ավելի շատ մարդ ներգրավելու «Բարձունք»-ի աշխատանքներում։

– Ինձ թվում է՝ դա հաղորդակցման թիմի, ինչպես նաև մրցութային միջոցառումների միջոցով պետք է լինի։ Մարդկանց հետաքրքրվածությանն ու ներգրավմանը մեծ հաշվով հենց դրանք են նպաստում։ Մի ծրագրում ներգրավվելով՝ նրանք կարողանում են ծանոթություններ հաստատել, հասկանալ, թե իրենց ունակություններին ինչն է ավելի համապատասխանում ու թե իրենց ռեսուրսներն ու ներուժը ինչպես կարող են ճիշտ և տեղին օգտագործել։

 

Ի՞նչը Ձեզ բերեց «Գրքասերների ակումբ»։

– Կարծում եմ այն գիտակցումը, որ ավելի շատ պետք է ծանոթանանք հայ գրողների գործերին՝ թե՛ ժամանակակից, թե՛ ավելի վաղ շրջանների։ Չնայած որ մասնագիտական, գիտական գրքերը նախընտրում եմ գեղարվեստականից, բայց ինձ հատկապես ուրախացնում, մոտիվացնում է այն, որ Գրքասերների ակումբում ուսումնասիրում ենք հենց հայ գրողների ստեղծագործությունները։

 

Կա՞ն գրքեր կամ հեղինակներ, որոնք էական ազդեցություն են գործել Ձեր վրա և ինչպե՞ս:

– Կառանձնացնեմ մերօրյա գրողներից Աշոտ Աղաբաբյանին։ Գիտեմ, որ մշտապես կարդալու եմ նրա ստեղծագործությունները։ Շատ ուրախ եմ, որ ծանոթացել եմ նման գրողի, որի ստեղծագործությունները հոգեհարազատ են։ Նա գրում է 90-ականներից սկսած՝ մեր իրականության մասին, իհարկե, գեղարվեստական մոտեցումներով։ Գրում է իրական իրադարձությունների մասին, որոնք ճանաչելի են։ Նրա գրքերի միջոցով բացահայտում ես անհատների ու հասկանում, թե մեկ մարդն ինչքա՜ն բան կարող է փոխել մեր իրականության մեջ։

 

– Գիտեմ, որ հետաքրքրվում եք դրոններով։ Դրանց հետ աշխատանքի փորձառություն ունե՞ք։

– Կարելի է ասել՝ այդ ոլորտում սկսնակ եմ։ Անցյալ տարի անվճար դասընթացի հայտարարություն տեսա։ Շատ էի ուզում մասնակցել, բայց մտածում էի, թե չեմ հասցնի։ Վերջին պահին որոշեցի և դիմում-հայտ ներկայացրի։ Մեկ ամիս տեսական դասերի հաճախեցի, ծանոթացա տեխնիկական մասին, ինչպես նաև սովորեցի FPV դրոններ վարել։ 2-րդ փուլում խորացրինք մեր գիտելիքներն ու այս տարի Mini Whoop Drone-ներով մրցույթ անցկացվեց, որոնց տիրապետելը կենսական նշանակություն ունի մարտական պայմաններում։ Այս ուղղությունը կարևոր դեր ունի մեր երկիրը աշխարհագրորեն ու ֆիզիկապես ճանաչելու, անվտանգության բարելավման և շատ այլ ոլորտներում։ Բոլորիս ներդրումն այստեղ շատ կարևոր է։

 

 

– Ինչպե՞ս եք հավասարակշռում ու կառավարում Ձեր ժամանակը ֆրիլանսի, ակումբի համար արվող աշխատանքների, գրքեր կարդալու, կամավորության, ընտանիքի և այլ պարտականությունների համար։

– Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Փորձում եմ համատեղել, չնայած նրան, որ դրանից գիշերվա քունն է տուժում։ Գրեթե չեմ հասցնում քնել, բայց առանց կամավորության ու առանց օգտաբեր գործ կատարելու չեմ պատկերացնում ու անիմաստ եմ համարում իմ կյանքը։ Միայն այն փաստը, որ կամավորությունը մեզ մի քայլ առաջ է տանում, մի փոքր ավելի է մոտեցնում մեր երազած երկրի տեսլականին, ինձ համար էներգիայի մեծ աղբյուր է։

 

– Ի՞նչ նոր հմտություններ կամ գիտելիքներ եք ձեռք բերել «Բարձունք»-ում։ Դուք ի՞նչ եք տալիս կառույցին, և կառույցը՝ Ձեզ։

– Իմ մասնագիտության մեջ՝ գրաֆիկական դիզայնում եմ ավելի հմտացել, օրինակ՝ վիզուալների հետ աշխատելով։ Եթե կարելի է այդպես ասել, «Բարձունք»-ին իմ պատրաստակամությունն եմ տալիս, ինչպես նաև լավ տրամադրություն։ Իսկ կառույցն ինձ հույս է տալիս։ Հույս, որ մենք կկարողանանք դուրս գալ այս ծանրագույն ու սարսափելի վիճակից։ Հիշեցնում է, որ մենք ողջ ենք, գործելու ուժ ու ցանկություն ունենք ու պարտավոր ենք այդ մշտական պայքարի մշակույթը փոխանցել ու սերմանել գալիք սերնդի մեջ։

 

– Կա՞ն ոլորտներ, որտեղ կցանկանայիք ավելին բացահայտել կամ բարելավել Ձեր հմտությունները։

– Իմ երկրորդ մասնագիտությունը արվեստաբանությունն է։ Մեր «Նախաձեռնությունների բանկ»–ում կա հուշարձանների, մշակույթի պահպանության հետ կապված կետ։ Ես ուզում էի այստեղ իմ մասնակցությունն ունենալ, սակայն սա շատ ռեսուրս ու ժամանակ է պահանջում։ Ամեն դեպքում, կցանկանայի հուշարձաններով զբաղվել, ինչը ոչ միայն կարևոր աշխատանք կլիներ, այլև կվերականգներ ու կբարելավեր արվեստաբանական իմ հմտություններն ու գիտելիքները։

 

 

– Ի՞նչ խորհուրդներ կտաք «Բարձունք»-ի նոր կամավորներին և նրանց, ովքեր ցանկանում են միանալ «Բարձունք»-ին։

– Կասեմ, որ «Բարձունք»-ն ընտանիք է ոչ միայն կառույցի պատերի ներսում, այլև՝ դրանից դուրս։ Միասնական ուժերով բարենորոգումներ կատարելն ու մեր Հայրենիքին օգտակար լինելը մեծագույն հաճույք է ու պատիվ։ Եվ որ կամավորությունը շատ ավելին է տալիս մարդուն, քան պահանջում։

 

– Շարունակե՛ք միտքը, խնդրեմ․ «Այսօր Հայաստանին պետք է…»։

– Այսօր Հայաստանին պետք է շատ սեր, համբերություն, աշխատասիրություն ու հարգանք միմյանց հանդեպ։ Շատ կարևոր է, որ մեր նախաձեռնություններն իրագործելիս հավատարիմ մնանք Հայրենիքի նկատմամբ մեր բարոյական սկզբունքներին։

 

Հեղինակ՝ Էլեն Առաքելյան