Ճանաչենք․ նա Արեգ Թադևոսյանն է
Արեգ Թադևոսյանը «Բարձունք»-ի Առաջնորդող խորհրդի անդամ է, «Արդի» ակադեմիայի թիմի անդամ, կրթության փորձագետ։ Նա ոչ ֆորմալ կրթության, երիտասարդական քաղաքականության, անձնական զարգացման և ձեռներեցության ոլորտում բազմաթիվ կրթական մեթոդների, հոդվածների և դասագրքերի հեղինակ է:
– Որպես կրթության փորձագետ` ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներկայիս կրթական համակարգը. ի՞նչ բացեր ունենք` համեմատած այլ երկրների հետ։
– Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում կրթական համակարգում ճգնաժամային իրավիճակ է, Հայաստանում՝ է՛լ ավելի ողբալի։ Ոչինչ չկա կրթության ոլորտում, որ խնդիր չունենա` սկսած տեխնիկական պայմաններից, վերջացրած անձնակազմով, մեթոդաբանությամբ, ծրագրերով, չափորոշիչներով։
– Մի՞թե խնդիրներն այնքան շատ են, որ չենք հասցնում ժամանակակից զարգացումներին հետևել։
– Ողջ աշխարհում կրթությունը կանգնած է բազմաթիվ և մեծ մարտահրավերների առջև, սակայն եթե վերցնենք օրինակ արհեստական բանականության վերջին հեղափոխական զարգացումները, ապա մեր համալսարաններում կան որոշ փոքր խմբեր, որոնք զբաղվում են արհեստական բանականության զարգացումներով, բայց մարտահրավերների մասշտաբների համեմատությամբ աշխատանքները չնչին են։ Մանավանդ, եթե խոսքը գնում է ռեսուրսների, և ոչ թե մարդկանց բարի կամքի մասին, մենք դեռևս սարսափելիորեն հետ ենք մնում այս ոլորտի առաջատարներից։ Սովորաբար, այդ ռեսուրսները ապահովում են բիզնեսները, սակայն նախընտրելի տարբերակը կլիներ պետական աջակցությունը, մինչդեռ արհեստական բանականության առումով պետությունն առայժմ ընդհանրապես անտարբեր է։
– Խոսենք ոչ ֆորմալ կրթության մասին: Դուք ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների ներգրավվածությունն այստեղ և արդյոք հույսը միայն երիտասարդների վրա պետք է դնել։
– Ոչ ֆորմալ կրթությունը Հայաստան մուտք է գործել 2000-ական թվականներին։ Հիմա, երբ ես նայում եմ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համակարգերին, տեսնում եմ, որ ֆորմալի մեջ ահագին ոչ ֆորմալ կրթության տարրեր կան և հակառակը։ Չնայած նրան, որ ես առաջիններից եմ եղել, որ ոչ ֆորմալ կրթությունը Հայաստան են բերել, վերջերս հայտարարել եմ, որ ամեն ինչ անելու եմ ոչնչացնելու այդ ինստիտուտը, որովհետև կարծում եմ, որ «ոչ ֆորմալ կրթություն» եզրույթը հնացած է այլևս, բացարձակապես իմաստ չունի։ Եթե խոսենք ոչ ֆորմալ կրթության արդի իրավիճակի մասին, ապա, այո՛, երիտասարդները բավականին ներգրավված են, ընդ որում, ի տարբերություն ակադեմիական կրթության` իրենց ցանկությամբ։ Թեև մենք ունենք լուրջ մասնագետներ, որոնք մեծ հաջողությունների են հասել միջազգային մակարդակում, բայց, ցավոք, մենք այս ոլորտում ևս որակյալ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի խիստ պակաս ունենք։
Մենք չպետք է խոսենք ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունների մասին, պետք է խոսենք ընդհանուր կրթության մասին, որն իր մեջ կներառի ֆորմալի և ոչ ֆորմալի դրական կողմերը, և որի նպատակը կրթված մարդ պատրաստելը կլինի։
– Իսկ ո՞վ է կրթված մարդը։
– Կրթված մարդը նա է, ով կարողանում է իրականացնել համակարգված մտագործունեություն և ձևավորել ճիշտ հարցեր, որովհետև ճիշտ ձևակերպված հարցերն են, որ բերում են ճիշտ քայլերի, ճիշտ գործողությունների։ Ինձ թվում է, որ մարդը պետք է նաև սովորի հարցեր ձևակերպել ոչ միայն իր, այլ նաև հանրության համար։ Դիմացինին դու կարող ես օգնել հասկանալ որևէ բան` ճիշտ հարց տալով։ Այսինքն` ոչ թե պատասխան տալ, այլ հարցի միջոցով օգնել, որ ինքը գտնի պատասխանը, ինչն ավելի արժեքավոր է։
– Գանք Բարձունքին. ինչպե՞ս եք միացել այս կրթական շարժմանը։
– Եկել էի «Բարձունք» հետաքրքիր, այլընտրանքային միջոցառման մասնակցելու և հանդիպեցի Գեղամին: Նա ինձ պատմեց, թե ինչով են զբաղվում, ինչպես է ստեղծվել կազմակերպությունը, և ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ որևէ կերպ աջակցել այս շարժմանը։ Ասացի` «Ինչպե՞ս կարող եմ ձեզ աջակցել», պատասխանեց` «Օրինակ՝ կարող եք դառնալ կազմակերպության անդամ»: Դարձա, հետո մասնակցեցի տարբեր նախաձեռնությունների, գործընթացների, այնքան ներգրավվեցի կազմակերպության ծրագրերում, որ այլևս չեմ կարող և չեմ ուզում դուրս գալ։
– Որո՞նք են Բարձունքի ուժեղ կողմերը։
– Այստեղ բավականին լուրջ ներուժ ունեցող, ազնիվ մարդիկ են հավաքված, որոնք երկրի, հանրության զարգացման հետ կապված առաջադեմ մտքեր ունեն և կարևոր աշխատանքներ են տանում կրթության ոլորտի ռազմավարական զարգացման ուղղությամբ։
– Բարձունքը բավականին երկարաժամկետ ռազմավարություն է մշակել` 20 տարվա կտրվածքով։ Անընդհատ փոփոխվող, անկայուն իրավիճակում որքանո՞վ է իրատեսական, որ տեսլականն ի վերջո իրականություն կդառնա։
– Փոփոխվում է ոչ թե իրավիճակը, այլ մեր կենտրոնացումը։ Իրավիճակում կան բաներ, որ չեն փոփոխվում, բաներ, որ շատ արագ են փոփոխվում և բաներ, որ միջին արագությամբ են փոփոխվում։ Դա միշտ է այդպես` կախված նրանից, թե ինչի վրա ենք կենտրոնացնում մեր ուշադրությունը։ Եթե մեր ուշադրության կենտրոնում գտնվում են քաղաքական գործիչների գործողությունները, իրավիճակը շատ արագ է փոփոխվում, երբ նայում ենք Հայաստանի Հանրապետության պատմությանը Խորհրդային շրջանից հետո` անկախության շրջանում, միջին արագությամբ է փոփոխվում։ Եթե նայենք Արարատ լեռանը և նրա փոփոխություններին, ապա այն շատ դանդաղ է փոփոխվում։ Ուստի` մեր ուշադրության կենտրոնացումից է կախված ժամանակի և իրադարձությունների փոփոխությունը։ Մենք պետք է ունակ լինենք նշված բոլոր արագություններով աշխատել։ Մենք պետք է կարողանանք տեսնել Արարատ լեռան փոփոխությունները և, եթե անհրաժեշտ է, այդ արագությամբ գործենք, պետք է կարողանանք տեսնել և գնահատել նաև միջին արագությունը, և շատ արագ էլ կարողանանք արձագանքել, եթե հրատապ խնդիրներ կան։ Սա կրթված մարդու հաջորդ կարևոր որակն է, երբ նա կարողանում է ընկալել և՛ կարճաժամկետը, և՛ երկարաժամկետը, հասկանալ, որ մեկը առանց մյուսի իմաստ չունի։
– Նշե՛ք, խնդրեմ, երեք բան, որ Ձեզ տվել է Բարձունքը։
– Նախ՝ շատ պայծառ մարդկանց ճանաչելու հնարավորություն, հավատ առ այն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են անձնվիրաբար ծառայել իրենց երկրին, երկարաժամկետ, համակարգված գործընթացներ իրականացնել։ Երկրորդը` ես շատ գաղափարներ ունեմ, որոնց մի մասը կարող եմ իրականացնել միմիայն համագործակցելով այլոց հետ։ Երրորդը` պատկերացումը Հայաստանի մասին. մենք պետք է ունենանք ընդհանուր պատկերացում, տեսլական մեր երազանքների երկրի մասին, և ձեռք ձեռքի պետք է գնանք այդ երազանքները իրականություն դարձնելու ճանապարհով։
– Շարունակե՛ք միտքը, խնդրեմ. «Հայաստանին այսօր պետք է…»։
– Շատ բան է պետք։ Հայաստանին այսօր պետք է ավելի շատ սեր և մարդիկ, որոնք ունեն բաց սիրտ ու լայն միտք։
Հեղինակ՝ Անուշ Գասպարյան