Ճանաչենք․ նա Մեհրի Ղազարյանն է
Մեհրի Ղազարյանը «Բարձունք» կրթական շարժման ԱԽ անդամ է, ներգրավված է ֆինանսների կառավարման գործընթացում, սոցիալական ձեռնարկատիրության համակարգման և ռազմավարական այլ աշխատանքների գործընթացներում։ Կրթություն է ստացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, տնտեսագիտության մագիստրոս է։ 2010-2022թթ աշխատել է ֆինանսաբանկային համակարգում։ 2022թ-ից տվյալների վերլուծաբան է «Ռենդերֆորեստ» ՍՊԸ-ում։ 2022թ փետրվարից մինչև այսօր՝ ներքին աուդիտի ղեկավար «Կրեդիտ կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում։ 2020թ-ից որպես կամավոր ներգրավված է «Բարձունք»-ում։
– Մեհրի, ո՞րն էր «Բարձունք»-ում գործունեություն ծավալելու Ձեր որոշման պատճառը։
– «Բարձունք»-ին միացել եմ հիմնադրման պահից՝ 2020թ 44-օրյա պատերազմից հետո։ Այդ ժամանակահատվածը, վստահ եմ, յուրաքանչյուր հայի համար ծանրագույն ու շատ ցավոտ շրջափուլ էր, անելանելի թվացող ու թևաթափ անող իրավիճակ։ Սակայն մի բան ինձ համար հստակ էր՝ պետք էր դուրս գալ այդ իրավիճակից դասեր քաղած՝ վերագնահատելով և վերաարժեվորելով շատ բաներ մեր կյանքում։ Ինքս ինձ համար մի քանի կետեր առանձնացրեցի, որոնք 2020թ-ից հետո առանցքային դեր ունեն իմ կյանքում։ Դրանցից մեկն այն էր, որ մեր հայրենիքի գոյության և կայացման այս փուլում պարզապես օրինավոր քաղաքացի լինելը և քո գործը որակով անելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար է․ եթե ուզում եմ ապրել ուժեղ, ապահով, բարեկեցիկ երկրում, ապա պետք է անել ավելին։ Եվ այդ «ավելին» անելու համար լավագույն հարթակ հանդիսացավ «Բարձունք»-ը։
– Ի՞նչ փոփոխություն է բերել Ձեր կյանք, ի՞նչ է Ձեզ տվել «Բարձունք»-ը։
– Ամենամեծ արժեքն ու ձեռքբերումն ինձ համար այն մարդիկ են, որոնց ճանաչել եմ այստեղ։ Բարձունքը մեծ համայնք է, որտեղ հավաքվել են ազնիվ և նվիրված մարդիկ, ովքեր պատրաստ են վերցնել պատասխանատվություն ու դառնալ փոփոխությունների սկիզբ։
«Բարձունք»-ն ինձ հնարավորություն է տալիս օգտագործելու իմ ներուժն ու իրականացնել հայերնի երկրի շենացման հետ կապված իմ նպատակները՝ հավատարիմ լինելով «Այստեղ ենք, հիմա, պետք է գործենք» սկզբունքին։
– Մեհրի՛, իսկ ի՞նչ առավելություն է տալիս ԱԽ անդամ լինելը այս նպատակներին մոտելանու տեսանկյունից։
– «Բարձունք»-ի ԱԽ անդամ լինելը նախ և առաջ մեծ պատասխանատվություն է թե՛ ինքդ քո առաջ դրած խնդիրները լուծելու տեսանկյունից, թե համայնքի անդամների սպասումներն ու ակնկալիքները արդարացնելու տեսանկյունից։ Այս ամենով հանդերձ ԱԽ անդամ լինլը նաև հնարավորություն է տալիս մասնակիցը լինելու կառույցի ռազմավարական ու ընթացիկ գործունեությանն առնչվող որոշումների կայացմանն ու քննարկմանը, դրանց իրագործմանն ուղղված երկարաժամկետ պլանների կազմմանն ու իրագործմանը։
– Ներգրավված եք «Բարձունք»-ի ֆինանսների կառավարման գործընթացում։ Ինչպիսի՞ մարտահրավերների եք առնչվում։
– «Բարձունք»-ի մեր ծրագրերը երկարաժամկետ են ու մասշտաբային, ինչը ենթադրում է նաև չընդհատվող ֆինանսական մուտքերի առկայություն։ «Բարձունք»-ի ֆինանսական մուտքերի հիմնական աղբյուրներն են անդամավճարները, որոնք ստեղծվել են այլևայլ կախվածություններ չունենալու համար, և նվիրատվությունները, որոնք հաճախ չեն ծածկում և չեն բավարարում մեր մեծ ծրագրերը կյանքի կոչելու ծախերը, ուստի անհրաժեշտություն է առաջանում երկրորդական ծախսերը կրճատել հանուն առաջնայինների։ Լիահույս եմ, որ առաջիկայում մեր անդամների ու գործընկերների թիմը կմեծանա և իրենց ներդրումների շնորհիվ մեր նախագծերը կյանքի կկոչվեն ու կբերեն ցանկալի դրական փոփոխություններ մեր երկրում։
– Ինչո՞վ եք զբաղվում «Բարձունք»-ի շրջանակներից դուրս։
– Աշխատում եմ իմ մասնագիտությամբ, սիրում եմ լեռնագնացությամբ զբաղվել, մարզվել՝ առողջ ապրելակերպ վարել, ֆիլմեր դիտել, ընթերցել։
Անցած տարի հնարավորություն ունեցա բարձրանալ Արարատ լեռը և, ի դեպ, ինձ հետ էր նաև «Բարձունք»-ի դրոշը, ինչն ինձ համար շատ խորհրդանշական էր ու կարևոր։
– Լեռնագնացությունը Ձեզ համար հոբբի է թե՞ ինքնաճանաչման ուղի։
– Լեռնագնացությունը շատ մեծ գործոն է ինքնաճանաչման հարցում, սակայն միայն այսքանով չի սահմանափակվում դրա խորհուրդը։ Լեռնագնացության շնորհիվ դու ոչ միայն շարունակաբար բացահայտում և ճանաչում ես ինքդ քեզ, այլև՝ բնությունը, վերագտնում ես քո ու բնության կապը, բացահայտում և ճանաչում ես մեր հայրենիքի չքնաղ անկյունները։ Շատ հաճախ բարձր ես լինում առօրյա խնդիրներից ու հոգսերից թե՛ ֆիզիկապես, թե՛ մտքով, թե՛ հույզերով։ Լեռնագնացությունը ամրացնում է կամքդ, սովորեցնում է չնահանջել, չհանձնվել, համբերատար ու հաստատուն քայլերով հասնել գագաթին՝ նպատակին։
– Հայաստանի հետ կապված ի՞նչ երազանք ունեք, որը կարելի է իրագործել «Բարձունք»-ի ներուժով։
– Հայաստանի հետ կապված իմ երազանքները բազմաթիվ են․ ամենալավ պատկերը «Բարձունք»-ի Երազանքի հայրենիքի քարտեզն է, որտեղ մենք ամբողջացրել ենք այն գաղափարներն ու այն տեսլականը, որն ուզում ենք ունենալ՝ որպես Երազանքի հայրենիք։ «Բարձունք»-ն այն հարթակն է, որտեղ այս երազանքները վերածվում են նպատակների, որոնք միայն համառ, հետևողական աշխատանքի, համակարգային մոտեցումների շնորհիվ կարող են դառնալ իրականություն։
Մեր երկրում խնդիրները բազմաթիվ են, և այս նպատակների իրագործման համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ներդրումը, ուստի «Բարձունք»-ը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մասնակիցը դառնալ այս փոփոխությունների։ Յուրաքանչյուրիս արած գործը կարող է մի կաթիլ թվալ օվկիանոսում, բայց ես հավատում եմ, որ անգամ ամենափոքր դրական էներգիան արդյունք տալու է։ Եթե լինեն լույսի փոքրիկ օջախներ, դրանք անպայման կմիավորվեն ու մեծ արդյունք կստանանք։
– Շարունակե՛ք միտքը, խնդրեմ. «Այսօր Հայաստանին պետք է…»։
– Այսօր Հայաստանին պետք են մարդիկ՝ իրար հարգող, վստահող, համագործակցող, որոնց առաջ է մղում «հանուն» գործելու գաղափարը, ոչ թե ընդդեմ։ Հայաստանին պետք չեն իրար հակասող ծայրահեղություններ, պետք են մարդիկ, ովքեր գնահատում և հիմք են վերցնում այն դրականը, ինչ ունենք որպես ազգ և պետություն՝ միևնույն ժամանակ հստակ գիտակցելով և տեսնելով խնդիրներն ու թերությունները, որոնք կարող ենք շտկել հիմքում դնելով միայն սերն ու նվիրվածությունը։
Հեղինակ՝ Էլեն Առաքելյան