Պատմությունը որևէ ժողովրդի համար նույնն է, ինչ անցյալը՝ մարդու
Զրույց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանի հետ:
– Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան, ինչպես և միշտ, այսօր էլ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունն իր կարևոր խնդիրներից մեկն է համարում:
Այդուհանդերձ, Մելինե՛, նշեք խնդրեմ անհերքելի փաստերն առ այն, որ 1915 թ. Օսմանյան
կայսրությունում տեղի ունեցածը ուրիշ անունով կոչել չի կարելի, քան ցեղասպանություն։
– Զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն բնորոշելու ամենակարևոր ցուցիչը
կանխամտածվածությունը կամ դիտավորությունն են։ Այսինքն՝ որևէ էթնիկ խմբի նկատմամբ կատարված բռնությունները ցեղասպանություն որակելու համար նախ և առաջ հարկ է ապացուցել, որ ի սկզբանե եղել է տվյալ էթնիկ կամ կրոնական խումբը ոչնչացնելու միտում։ Այս դիտանկյունից Հայոց ցեղասպանությունը գենոցիդի դասական օրինակ է, քանզի մասնագետները վաղուց և վեջնականապես ապացուցել են, որ հայերին բնաջնջելու մտադրություն երիտթուրքերը ունեցել են մինչև իսկ նախքան Առաջին աշխարհամարտի մեկնարկը։
Այսպես, Հայոց ցեղասպանության պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում երիտթուրքերի չորրորդ համագումարը, որը տեղի է ունեցել 1911 թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 9-ը: Այս համագումարի ժամանակ կուսակցության պատվիրակների մեծ մասն ընդունել է, որ կայսրության օսմանականացման համար գոյություն ունի միայն մեկ ճանապարհ, այն է` ոչ թուրք ժողովուրդների բռնի ձուլում: Նույն համագումարի փակ նիստում արդեն նախագծվել էին Օսմանյան կայսրության ժողովուրդների, առաջին հերթին` հայերի և հույների
բռնի թուրքացման ծրագրի իրականացման կոնկրետ մեխանիզմները, որոնց շարքում նախատեսվում էին նաև բնակչության բռնի տարագրումը և բնաջնջումը` աքսորի ճանապարհներին կամ վերաբնակեցման վայրերում։
Մեկ այլ ուշագրավ օրինակ է այն փաստը, որ օսմանյան իշխանությունները հայերի տեղահանությունից առաջ անգամ տեղյակ են եղել, որ աքսորի ենթակա հայերն սպանվելու են ու հրահանգել են հավաքել և թուրքական որբանոցներում որպես թուրք ու մուսուլման դաստիարակել որբ մնացած հայ երեխաներին։ Այդ փաստը ներկայացված է տվյալ ժամանակաշրջանի օսմանյան իշխանությունների պաշտոնական գրագրության, մասնավորապես հեռագրերի մեջ։
Հայոց ցեղասպանության կանխամտածված բնույթը բացահայտվել է նաև 1919-1921 թթ. Ստամբուլում կազմակերպված երիտթուրքերի դատավարությունների ընթացքում։ Այդ տարիներին, տեղի տալով միջազգային հասարակայնության ճնշմանը, Օսմանյան պետության ռազմական արտակարգ ատյաններում կազմակերպվեցին 60-ից ավելի դատաքննություններ, որոնք բոլորն էլ հարուցվել էին հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով։ Այս դատական գործերի փաստաթղթերը ևս ապացուցում են, որ հայերի զանգվածային կոտորածները նախապես ծրագրված են եղել երիտթուրքական կուսակցության և կառավարության նիստերում, և որ դրանք իրագործվել են կենտրոնական իշխանության հրահանգներով ու հսկողությամբ և տեղական իշխանությունների միջոցով։
– Ֆաշիստական Գերմաիայի իրավահաջորդ Գերմանիան հրեաների հանդեպ իր գործած հանցանքները խոստովանելով, որոշակիորեն ռեաբիլիտացվեց միջազգային հանրության աչքերում: Իսկ Օմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան իրենց կողմից հայերի ցեղասպանության խոստովանության համար ոչ մի դեպքում պատասխանատվություն չկրելու քաղաքականություն է մշակել և իրացնում: Թուրքիայի ղեկավարությունն այսօր էլ ամեն կերպ փորձում է չեզոքացնել իր անցյալի այդ կնճոռ հարցը՝ որպես հմուտ առևտրական և դիվանագետ: Եվ, իհարկե, օգտվելով հերթական անգամ հայերիս՝ ճգնաժամային իրավիճակում հայտնվելուց (ինչում, բնականաբար, ևս մեծ ներդրում ունեցավ), փորձում է դա անել մեր իսկ ձեռքերով, որպեսզի փակի բոլոր հարցերը՝ մեկ և ընդմիշտ: Ի՞նչ քաղաքականություն է այսօր վարում Թուրքիայի կառավարությունը՝ Ցեղասպանությունը ժխտելու և հատկապես Հայկական հարցի կոծկման ուղղությամբ։
– Չնայած, որ վերջին տասնամյակներին Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի թեմաներով բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են հրատարակվել Թուրքիայում, այս պետությունը շարունակում է ուրացման 100-ամյա քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին Ցեղասպանության փաստի կոշտ ժխտման քաղաքականությունը թուրքական իշխանությունների կողմից ենթարկվել էր որոշ փոփոխության։ Այսպես՝ 2014 թ. ապրիլին Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ դեռ Թուրքիայի վարչապետն էր, հանդես եկավ հայերին ուղղված ցավակցական ուղերձով։ Այդպիսով Էրդողանը Թուրքիայի պատմության մեջ մտավ որպես երկրի առաջին թիվ մեկ պաշտոնյան, ով նման ցավակցական ուղերձ է հղել։ Բայց և այնպես Էրդողանը թե՛ վարչապետության և թե՛ նախագահության տարիներին շարունակեց Հայոց ցեղասպանության ուրացմանն ուղղված քաղաքականությունը՝ այդ քայլերը սքողելով կեղծ ցավակցության դիմակի ներքո։ Էրդողանի այս քաղաքականության իրական նպատակները գիտակցվեցին ոչ միայն հայկական շրջանակների, այլեւ միջազգային եւ մինչև իսկ որոշ թուրքական կազմակերպությունների կողմից։ Այսպես՝ Թուրքիայի Մարդու Իրավունքների Ստամբուլի մասնաճյուղը 2014 թ. մայիսի սկզբներին հանդես եկավ հայտարարությամբ՝ Էրդողանի ցավակցական ուղերձը որակելով որպես «ժխտման տեքստ»։ Իսկ որ Էրդողանի ուղերձի հիմնական նպատակը ոչ թէ ճանաչումն էր, այլ կեղծ ցավակցության դիմակի տակ քողարկված ուրացումը՝ խոստովանեց անգամ այդ ժամանակաշրջանում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով, ի պատասխան պատգամավոր Իհսան Բարութչուի գրավոր հարցման, ասաց, որ Էրդողանի ուղերձը համապատասխանում էր Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի ամբողջական ռազմավարությանը։
Ինչ վերաբերում է մեր օրերին, ապա ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանությունները, օգտվելով ներկայումս ՀՀ բռնած, մեղմ ասած՝ անհավասարակշիռ ուղեգծից, դարձյալ վերադարձել են կոշտ ժխտման քաղաքականությանը՝ պահանջելով վերջնականապես հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և փոխհատուցման արդար պահանջներից։
– Պատմությունից դասեր պետք է քաղել, ասում ենք հաճախ: Իսկ ի՞նչ դասեր, ըստ Ձեզ, պետք է քաղեինք մեր պատմության այդ դժնի շրջանից, և ի՞նչ ենք մենք անում այսօր։
– Պատմությունը որևէ ժողովրդի համար նույնն է, ինչ անցյալը՝ մարդու։ Ամնեզիայով տառապող անձնավորությունը առողջ համարվել չի կարող: Եթե անհատը դաս չքաղի իր անցյալից, չի կարող ճիշտ քայլեր անել ներկայում, որոնք կտանեն ցանկալի ապագա։ Այս առումով, իհարկե պատմությունից դաս քաղելն ուղղակի անհրաժեշտություն է։ Սակայն, ցավով պետք է արձանագրել, որ մեր պատմության ներկա շրջանը ցույց է տալիս, որ մենք՝ հայերս, ոչ միայն որևէ դաս չենք քաղել մեր պատմությունից, այլ մտել ենք ընդարմացման մի փուլի մեջ, որը մեզ տանում է դեպի ինքնաոչնչացում…
Լինելով Հայոց ցեղասպանության մասնագետ՝ ինքս ստիպված եմ լինում հաճախ անդրադառնալ այդ ցավալի ժամանակաշրջանին և նայելով այժմյան դեպքերին՝ ակամա զարմանում եմ, թե ինչպե՞ս ենք մենք այսքան հեշտ մոռացել ու մոռանում թուրքի իրական դեմքը։ Մի՞թե չմոռանալու և ինքնապահպանման համար հարկ է ամեն օր վերընթերցել Հայոց ցեղասպանության թեմայով գրքերը։ Թե՞ բավարար կլինի միայն հիշել ընդամենը 4 կամ, ինչու չէ, 1 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը, երբ արդեն ինքներս ականատես դարձանք թուրքական նույն ձեռագրին…
Հեղինակ՝ Քնար Թադևոսյան